Մինսկի խումբը շատ լավ գիտակցում է, որ մնացել է միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչման սկզբունքը․ Արտակ Բեգլարյան
Այսօր՝ հուլիսի 1-ին, Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Արցախի ինքնորոշման և Ադրբեջանի կազմում երբևէ չլինելու հարցին։
«Որևէ մեկը չի ընդունել որևէ նմանատիպ պայման, այսինքն Արցախի իշխանությունները, Արցախի ժողովուրդը, որ Արցախը մտնի Ադրբեջանի կազմում։ Մեր պայմանները հիմա ավելի դժվար ու ծանր են, քան նախապատերազմյան շրջանում, բայց դա չի նշանակում, որ մենք չունենք պայքարելու հնարավորություն։ Մյուս կողմից մենք ունենք լրացուցիչ հնարավորություններ՝ այդ թվում արտաքին քաղաքական հնարավորություններ, մեր ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը շատ ավելի ընդգծված կազմակերպելու համար»,-ասաց նա ու ընդգծեց, որ Արցախի հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներից երկուսն արդեն ժամանակավրեպ են․ «Այսինքն տարածքային ամբողջականության սկզբունքը և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքն արդեն ժամանակավրեպ են պատերազմի հետևանքով։ Մնացել է մեր ինքնորոշման ճանաչման սկզբունքը և սա միջազգային հանրությունը, Մինսկի խումբը շատ լավ գիտակցում են։
Մենք այս ուղղությամբ պայքարը շարունակում ենք, իհարկե Հայաստանն էլ այս մասով պետք է գործուն ջանքեր գործադրի և հույս ունենք առաջիկայում դրական առաջընթաց լինելու է այս մասով»։