«Եկել ենք լսենք՝ ի՞նչ ունեք մեզ ասելու». Տիգրան Ավինյանը Էրեբունու բնակիչների հետ քննարկեց առկա խնդիրները
«Եկել ենք լսենք՝ ի՞նչ ունեք մեզ ասելու»,- այսօր՝ օգոստոսի 24-ին, Էրեբունիում քարոզարշավի ժամանակ բնակիչներին հարցրեց Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանը։
«Ես մեծ կին եմ, 80 տարեկան՝ չեմ կարող գրել, լեզուս էլ է դողում. այս ծառը պետք է էտվի, մի օր սա մեծ վնաս է պատճառելու ամբողջ շենքին»,- ասաց Ավինյանին ընդառաջ եկած կանանցից մեկը։ Մեկ ուրիշն էլ դժգոհեց շենքի վերելակից. «Լիֆտերն ամենավատ վիճակում են՝ մենք տալիս ենք սպասարկման գումար, բայց ոչ մեկին չի հետաքրքրում» ։
«Սա ո՞ր թվականի շենքեր են»,- կատակով հարցրեց Ավինյանն ու խոստացավ լուծում տալ բնակիչների խնդրանքներին։
Բնակիչներից ոմանք էլ խնդրեցին բակը վերանորոգել, Ավինյանն ընդգծեց, որ դա արդեն որպես հանձնարարական ֆիքսել են և անելու են։
Տիգրան Ավինյանն ընդգծեց նաև, որ 4-րդ կարգի վթարային բոլոր շենքերը քաղաքապետարանը իր վերահսկողության տակ է առել, այդ թվում՝ Արզումանյան 10 և 17, Արզումանյան 8, Ֆուչիկի 23 հասցեների շենքերը, Արցախի նրբանցքի շենքերը, Վարդաշենի 4-րդ կարգի վթարային երկու շենքերը: