Անահիտ Մանասյանը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է մեր երկրում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։


Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները։


Անդրադարձ է կատարվել Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և հավաքներին։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ հունիսի 12-ին աշխատակազմի հետ այցեր է իրականացրել Ոստիկանության բաժիններ և բժշկական հաստատություններ, հանդիպել բուժօգնություն ստացող հավաքի մասնակիցներին և Ոստիկանության ծառայողների, արձանագրել խնդիրները։ 


Հանդիպման շրջանակներում Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ներկայում մեր երկրում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:


Պաշտպանը նշել է, որ այդ երևույթները Հայաստանում լայն տարածում են գտել, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է բոլոր հիմքերով խտրական խոսույթի և ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից:


Դեսպանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։