Այն ուժերը, որոնք մեկնարկել էին այս շարժումը, այն մտցրել էին փակուղի, և իրենց պետք էր որևէ ելք կամ պայթյուն՝ շարժման փակումը ապահովելու կամ դրա որևէ տեսքով շարունակությունն ապահովելու համար, ու դրա քաղաքական պատասխանատվությունից խուսափելու համար։ Այդ իսկ պատճառով շարժման ղեկավարները և դրա հովանավորները տարան բախման, ռադիկալիզացիայի։
«Անվտանգային
քաղաքականության հետազոտական» կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը այսպես բնութագրեց երեկ
Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումը՝ ոստիկանության և ցուցարարների միջև։
Միաժամանակ՝ նա անհամաչափ որակեց ոստիկանության գործողությունները՝ հղում անելով փորձագիտական
այն դիրքորոշումներին, ըստ որոնց կիրառված լուսաձայնային մի քանի նռնակների օգտագործումը
լիովին բավարար էին իրավիճակը կայունացնելու համար, սակայն ոստիկանությունը երկու տասնյակից
ավելի լուսաձայնային նռնակներ է կիրառել։
«Բայց ինձ համար միանշանակ
է, որ այս ամենի թիվ մեկ քաղաքական պատասխանատուն Կաթողիկոսն է», - ասաց Արեգ Քոչինյանն
ու հավելեց՝ չի կարելի նույնականացնել Կաթողիկոսին ու Եկեղեցուն։ «Եկեղեցին չի դեմ
դուրս եկել Հայաստանի Հանրապետությանն ու ՀՀ օրինական իշխանությանը, այլ դեմ է դուրս
եկել Կաթողիկոսը»։
Մայր Աթոռը հայտարարություն
էր տարածել՝ դատապարտելով ոստիկանական գործողությունները, միաժամանակ նշել․ «Դատապարտելի
է նաև, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակից անձերը հետևողականորեն
լծվել են հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը Եկեղեցուն վերագրելու անհիմն
և ստահոդ լուրերի տարածմանը»։ Այսպիսով Մայր Աթոռը արդյո՞ք փորձ է անում «ձեռքերը լվանալ»
պատասխանատվության ստանձնումից։
Ըստ Քոչինյանի՝ նրանք
փորձում են խուսափել շարժման քաղաքական պատասխանատվությունից և փորձում են նույնացնել
Եկեղեցուն ու Կաթողիկոսին։ «Փորձում են թաքնվել եկեղեցու հեղինակության հետևում և փորձել
հասցնել սեփական քաղաքական հարվածները, ինչը, իհարկե չի կարող տեղի ունենալ»։
Անդրադառնալով վարչապետի
հայտարարությանը, թե նա և իշխանության որևէ ներկայացուցիչ չեն մեկնելու Բելառուս, քանի
դեռ այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն ու մեր դեպասնի՝ խորհրդակցությունների
նպատակով հետ կանչելուն, ինչպես նաև Բելառուսի դեսպանի՝ Երևանից հետ կանչելուն Քոչինյանն
ասաց, որ Մինսկը, այս պարագայում, Մոսկվայի շողքն է, և բոլորի համար ակնհայտ է, որ
ՀԱՊԿ անդամ երկրորդ պետությունը, որ Արցախի դեմ պատերազմ է նախապատրաստել՝ Ռուսաստանն
է։ «Սա պետք է դիտարկել՝ որպես այդ քաղաքական էսկալացիայի կամ, ինչպես ես եմ ասում,
հայ-ռուսական դեինտեգրացիայի հերթական փուլ»։ Այս ամենում Քոչինյանը նաև ներքաղաքական
բաղադրիչ է տեսնում։
Ճանապարհների ապաշրջափակման,
Հայաստանի՝ Ռուսաստանից տարբեր կախվածությունները նվազեցնելու աշխատանքների վրա կենտրոնանալու
փոխարեն, հաճախ, ՀՀ կառավարությունը ստիպված է լինում կենտրոնանալ ներքին զարգացումների
վրա։ Այսքանով այս շարժումը, ըստ Քոչինյանի, կապված է արտաքին զարգացումների հետ։
«Սրանով զբաղվելու փոխարեն մենք սրբազանով ենք զբաղված և այդքանով էլ կապված են միմյանց
հետ։ Իսկ միգուցե սրբազանն էլ հենց նրա համար է, որ մենք այս ամեն ինչով չզբաղվենք՝
սրբազանո՞վ զբաղվենք», - եզրափակեց Արեգ Քոչինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան