Թյուր տպավորություն կա, որ պետք է ոտքը ոտքին գցենք ու որոշենք` որտեղ ինտեգրվել․ Քոչինյան

 «Նման հանրաքվեի անցկացումը բավականին ուժեղ հաղորդագրություն կլինի Եվրամիության ու ԱՄՆ-ի համար ՀՀ-ի նպատակների ու լրջության հետ կապված, թե ինչքանով է ՀՀ-ն լուրջ տրամադրված ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու»: Այս մասին ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ անդրադառնալով արտախորհրդարանական 4 ուժերի կողմից առաջ քաշված առաջարկությանը, որ ԵՄ-ի ինտեգրման համար Հայաստանում պետք է անցկացնել հանրաքվե։


Քոչինյանի խոսքով՝ ինտեգրումը մեզ հնարավորություն կտա, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը  լինի ԵՄ հովանու տակ. «Բայց շատ թյուր տպավորություն կա Հայաստանում, որ մենք պետք է ոտքը ոտքին գցենք ու որոշենք, թե որտեղ ինտեգրվենք։ Բնականաբար դա այդպես չի։ Եվրոպական ինտեգրացիան ծանրագույն քաղաքական, տնտեսական, իրավական ու մշակութային փոխակերպումների արդյունք է։ Ամեն տեղ պետք է լինեն փոփոխություններ, ու այդ փոփոխություններից հետո է, որ կարող ենք դառնալ ԵՄ անդամ»։


Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրներին, Քոչինյանն ասաց. «Իշխանության մոտեցումը, ինչքանով հասկանում եմ, կայանում է սրանում. մաքսիմալ ապակառուցողական քաղաքականություն վարել ՀԱՊԿ-ում, և բանը հասնի նրան, որ դուրս հանեն ՀԱՊԿ-ից։ Դա է տեղի ունեցել նաև Ուզբեկստանի հետ, ու իմ տպավորությամբ՝ ՀՀ կառավարությունը հենց դա է անում։ Այսինքն՝ բյուջեի վճարումները չեն արվում, կամ առանձին անդամների հետ հարաբերությունների, օրինակ՝ Բելառուսի հետ հարաբերությունների էսկալացում,  և դա ստիպի, որ հավաքվի ՀԱՊԿ խորհուրդ, ու դուրս հանեն ՀՀ-ին ՀԱՊԿ-ից, դա նաև կլուծի հաշվեհարդարի հարցը։ Բայց կա նաև մեկ թերություն. դա ժամանակի գործոնն է։ Եթե այսօր հնարավոր է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ապա փաստ չէ, որ հետո հնարավոր կլինի»։ 


Մանրամասն՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան