Եթե Եվրոպայում Պուտինին տրվի քարտ բլանշ, դա չի բխի Հայաստանի շահերից

Եվրամիությունում կայացան Եվրախորհրդարանի ընտրությունները, որի արդյունքում իշխող աջ-կենտրոնամետ Եվրոպայի Ժողովրդավարական կուսակցությունը և Սոցիալ-դեմոկրատները պահպանել են իրենց դիրքերը։ Լիբերալ «Նորացնելով Եվրոպան» մնում է երրորդ տեղում, թեև կոևրցրել է 15 տեղ։ Աջ-պոպուլիստները բարելավվել են իրենց ներկայությունը։ Ֆրանսիական կուսակցություններից աջ-պոպուլիստական Մարի Լե Պենի «Ազգային միավորումը»  առաջին տեղում է՝ 32 տոկոսով, մինչդեռ իշխող «Ռենեսանսը»՝ 15 տոկոս է ստացել, որից հետո նախագահ Էմանուել Մակրոնը արձակեց Խորհրդարանը։


Վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ նոր Խորհրդարանում պրոռուսական, հակաուկրաինական ուժերը ավելի ակտիվ են լինելու, քան նախկինում, բայց որոշիչ ձայն չեն ունանալու։


Ինչու՞ Էմանուել Մակրոնը որոշեց ցրել Խորհրդարանն ու նշանակել նոր ընտրություններ, և ի՞նչ է սպասվում ընտրությունների արդյունքներից հետո։ Հովհաննիսյանը նշեց, որ Ֆրանսիայի խորհրդարանի ընտությունները անցկացվում են 2 փուլով։ Եվ երկրորդ փուլում, որպես կանոն ձախ կուսակցությունները կոչ են անում իրենց ընտրողներին քվեարկել երկրորդ փուլ անցած ձախ ուժին, աջերը՝ աջ ուժերին։


«Կարող եմ պնդել, որ բոլորը կոչ են անելու «Ազգային ճակատի» թեկնածուին, որն անցել է երկրորդ փուլ՝  ձայն չտալ։ Այդ առումով մեծամասնություն կազմելու մասին խոսք գնալ չի կարող։ Իրենք շատ ավելի համեստ ներկայություն կունենան Ազգային ժողովում, քան կունենան Եվրոպառլամենտի ֆրանսիական պատվիրակությունում։ Այս առումով ճիշտ հաշվարկ է անում Մակրոնը՝ որպեսզի ցույց տա, որ իրողության տերը ինքն է», - ասաց Հովհաննիսյանը։


Անդրադառնալով Մարի Լը Պենի ռուսամետությանն ու ռուսական ֆինանսավորմանը Հովհաննիսյանն ասաց, որ դա չափազանցություն ու բամբասանք չէ։ Ժամանակին 3 մլն եվրո վարկեր է ստացել «Ազգային ճակատը» ռուսական բանկերից՝ ընտրությունների ժամանակ։


«Բնականաբար, Պուտինի ռեժիմի և Ռուսաստանի սահմանափակումը բխում է Հայաստանի շահերից։ Եթե Պուտինին տրվում  է քարտ բլանշ, դա չի կարող չտարաշվել Հարավային Կովկասում իր գործողությունների վրա։ Ես չեմ պատկերացնում, որ լինի ֆրանսիացի հակահայ գործիչ՝ անկախ կուսակցությունից։ Այսինքն՝ այն քվերակությունները, որոնք ուղղակի Հայաստանին են վերաբերվում, նույնիսկ աջերի և ծայրահեղ աջերի մի զգալի մասը քվեարկելու է Հայաստանի օգտին։ Բայց մեզ պետք է և՛ դա, և՛ Ռուսաստանին սահմանափակող ուժեր», - ասաց վերլուծաբանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան