«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը
այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպել էր Շիրվանի պատմության հիմնահարցերը
թեմայով աշխատաժողով։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի
տնօրեն Ռոբերտ Ղազարյանը նշեց, որ նպատակը մեզ համար կարևոր միջավայրի՝ Շիրվան երկրամասի
պատմությունը կրկին վեր հանելն է։ Շիրվանում դարեր շարունակ հայեր են ապրել, որտեղ
այսօր, ցավոք, այլևս հայեր չեն ապրում։
Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով
խեղաթյուրում, գողանում է ուրիշների պատմությունը, այդ թվում՝ հայերի ու այն տարածքների
պատմությունը, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի կազմում։
Գիտաժողովին ներկա էր նաև Գարդման-Շիրվան-Նախիջևան
համահայկական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ Վերջինս հիշեցրեց,
որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ այս օրը նշվում է որպես Փախստականների համաշխարհային
օր։
Գաբրիելյանը նշեց, որ անցած դարի
վերջին պատմական Շիրվանի տարածքից իրականացվեց էթնիկ հայության զտում, որի արդյունքում
Բաքվի, Սումգայիթի, Շամխորի, Շիրվանի և հայաշատ այլ շրջանների հայությունը վերածվեց
փախստականի։
Տարբեր գիտական հիմնարկներ, անհատ
գիտնականներ, ինչպես նաև «Գեղարդ» հիմնադրամը գրքերի հրատարակմամբ, միջազգային գիտաժողովների
անցկացմամբ և տարբեր եղանակներով եղած նյութերի՝ տարբեր լեզուների տարածմամբ աշխատանքներ
են տանում Ադրբեջանի կողմից պատմությունը խեղաթյուրելու քաղաքականությունը կասեցնելու
ուղղությամբ։
Երբեմն ադրբեջանական խեղաթյուրումները
ներթափանցում են նաև հայկական դաշտ։ Այս ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում՝ ճշմարտությունը
ներկայացնելու և տարածելու համար։
Աշխատաժողովը, բացի գիտականից,
նաև քաղաքական խնդիրներ է լուծում։ Առնվազն վերջին 20 տարիների ընթացքում Ադրբեջանի
տարածքում եղած ցանկացած մշակութային ստեղծագործություն պատմական ընթացքում դառնում
է ադրբեջանցիների ժառանգության մաս։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի
գիտաշխատող Գոռ Մարգարյանն ընդգծեց, որ դեռ խորհրդային շրջանի ադրբեջանցի պատմաբանները՝
որոշ խորհրդային այլազգի պատմաբանների օգնությամբ, ուղղակիորեն խախտելով գիտական էթիկայի
բոլոր սահմանները, ջնջելով հայկական, վրացական մշակութային արժեքները՝ դրանց վերագրում
էին աղվանական ծագում։ Իսկ քանի որ «աղվանական» են, ապա նաև «ադրբեջանական» են։
Ադրբեջանցիների՝ աղվանների հետնորդներ
համարվելու թեզի առաջքաշումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ սկսեցին հրաժարվել սեփական
ինքնությունը հին դարձնելու, պատմությունը կերտելու այլ թեզերից։ Դա տեղի ունեցավ
20-րդ դարի կեսերից սկսած։
Պատմությունը կեղծելու և մշակութային
ժառանգությունը սեփականացնելու գործելակերպը շարունակվում է նաև այժմ։ Հիմա նույնը
արվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ադրբեջանցիները հայկական պատմական ժառանգությունը
նախ վերագրում են աղվանականի, ապա՝ ադրբեջանականի։
Հիմնադրամը հարցազրույցների շարք
է սկսել օտարերկրացի մասնագետների հետ։ Միաժամանակ աշխատանքներ են տարվում նաև միջազգային
կառույցների հետ։ Պետք է մաքսիմալ օբյեկտիվ, փաստաթղթավորված և հանգիստ ձևով բացատրվի,
ապացուցվի, որ այս ամենը, ինչպես նաև «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը քաղաքականություն
է և արվում է մեկ նպատակով՝ որպեսզի
տարածաշրջանում Ադրբեջան պետությունը ավելի դիրքավորվի և փորձի իր կամքը թելադրել։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան