Հակոբ Ասլանյանի հետ ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի գործով դատարանն այսօր նախնական դատական լսումներ է հրավիրել

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանում այսօր՝ ժամը 15։30-ին, նշանակված են նախնական դատական լսումներ՝  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի գործով։ Նշենք, որ սույն գործով մեղադրական եզրակացությունը Երևան քաղաքի դատախազությունը դատարան է ուղարկել մայիսի 21-ին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Գագիկի Վարդանյանը  «Youtube.com» կայքի «AntiFake TV» ալիքի էջում 2023 թվականի ապրիլի 29-ին ուղիղ եթերով հեռարձակված «Ով է կազմակերպել Հոկտեմբերի 27-ը, բռնության հովանավորը, հպարտ քաղաքացու օրը. «Իմնեմնիմի» փոդքասթ 09» վերնագրով հաղորդման ընթացքում (1 ժամ 19 րոպե 05 վայրկյանին) ի պատասխան հաղորդավարի հարցին նշել է, որ մի սովորական օր, երեկոյան, Չարենց և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում պատահաբար հանդիպել է Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հակոբ Արսենի Ասլանյանին, վերջինիս անմիջապես անվանել է «հակահայ» և «դավաճան», որից հետո իր և Հակոբ Ասլանյանի միջև սկսվել է խոսակցություն, այնուհետև Հակոբ Ասլանյանը բարձրացել է երթուղային ավտոբուս, այդ ընթացքում Սամվել Վարդանյանը ձայն է տվել երթուղային ավտոբուսի մեջ գտնվող անձանց, որ նշված անձը ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն է՝ քաղաքական հայացքներով պայմանավորված թիրախավորելով վերջինիս:  


Դրանից հետո 2024 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Սամվել Վարդանյանը Երևան քաղաքի Քրիստափոր-Արշակունյաց փողոցների խաչմերուկում՝ «Հանրային տրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 42 երթուղային ավտոբուսի մեջ, մոտենալով նույն ավտոբուսում գտնվող Հակոբ  Ասլանյանին, հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ տեսագրելու և տարածելու նպատակով միացնելով բջջային հեռախոսի տեսախցիկը՝ պահել է Հակոբ Ասլանյանի ուղղությամբ և քաղաքական հայացքներով պայմանավորված, երկրում տիրող իրավիճակի մեջ մեղադրելով  Ասլանյանին և ՔՊ անդամներին, նրանց նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելով, ինչպես նաև հասարակության նկատմամբ անհարգալից՝ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, կատարել է խուլիգանություն՝ Հակոբ Ասլանյանին ստորացնելով, անպարկեշտ՝ «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա», «վիժվածք» արտահայտություններով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հակադրվելով և անտեսելով հանրային տրանսպորտում գտնվող անձանց՝ վիճաբանությունը դադարեցնելու հորդորները, խախտել է այդ անձանց անդորրը, շարունակելով վիճաբանությունը նաև իրեն դիտողություն արած անձանց հետ՝ արդարացնելով իր գործողությունները, պայմանավորված այն հանգամանքով, որ Հակոբ Ասլանյանը ՔՊ անդամ է և ՀՀ ԱԺ պատգամավոր: Արդյունքում երթուղային ավտոբուսի վարորդը Երևան քաղաքի Խանջյան-Բյուզանդ փողոցների հատման հատվածում ստիպված դադարեցրել է երթևեկությունը և պահանջել դուրս գալ երթուղայինից, այդ կերպ Սամվել Վարդանյանը խոչընդոտել է հասարակական նշանակության կազմակերպության՝ «Հանրային տրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության բնականոն աշխատանքը՝ նշված է մեղադրական եզրակացության մեջ:


Նշենք, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ  կիրառվել է  խափանման միջոց տնային կալանքը, որը դատարանի հունիսի 7-ի որոշմամբ երկարաձգվել է երեք ամիս ժամկետով՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 15-ը: Դատարանը որոշել է նաև մեղադրյալի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցներ գրավը՝ 7.000.000  ՀՀ դրամի չափով, և բացակայելու արգելքը թողնել անփոփոխ։


Նշենք, որ կառավարող ուժի ներկայացուցչին թիրախավորած  ընդդիմադիր ակտիվիստի պաշտպանները երեքն են, մասնավորապես՝ Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ինչպես նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր  Արամ Վարդևանյանը։

Հ. Մ.