Սպանության 728, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 49 դեպք. Որքա՞ն հանցագործություն է արձանագրվել այս տարվա 5 ամիսներին

2024 թվականի հունվար-մայիսին գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է՝ 15 հազար 876 դեպք՝ 16 հազար  350 դեպքի դիմաց։ Այս մասին  civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկանքից։ Ըստ այդմ՝ 4 դեպքով աճել է մասնավորապես առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ 928 դեպք՝ նախորդ տարվա  924 դեպքի դիմաց։ Ոչ մեծ ծանրության հանցագործության  7 430,  միջին ծանության՝ 5 349, ծանր՝ 2169   դեպք է արձանագրվել անցած 5 ամիսներին։  Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի նվազել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների քանակը՝ 3 178, որից սպանություն՝ 728, սպանության փորձ՝ 28 դեպք։ Նախորդ տարվա համեմատ աճել են մասնավորապես թրաֆիքինգի դեպքերը՝ այս տարվա հունվար-մայիսին՝ 15, նախորդ տարվա հունվար-մայիսին՝ 6 դեպք։ Աճել են մասնավորապես նաև մարդու սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները՝ նախորդ տարվա 5 ամիսներին 59, այս տարվա 5 ամիսներին՝  66 դեպք։ Հարկ է նկատել, որ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները նվազել են՝  2023-ի հունվար-մայիսին արձանագրված 1 928  դեպքի դիմաց այս տարվա 5 ամիսներին արձանագրվել է  1 597  դեպք, որից թմրամիջոցների ապօրինի շրջանառություն՝ 1 583,  դրանից՝ իրացնելու նպատակով՝  809 դեպք։ Նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1 896 դեպք էր արձանագրվել։  


Ավազակություն՝ 30,  կողոպուտ՝  44, գողություն՝ 2 400, խարդախություն՝ 1 046,  յուրացում կամ վատնում՝ 159. սրանք էլ  սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվերն են  այս տարվա 5 ամիսների կտրվածքով։ Նկատենք, որ մասնավորապես գողության դեպքերը,  ի համեմատ 2023-ի նույն ժամանակահատվածի, նվազել են. նախորդ տարի արձանագրվել էր 2 775  գողության դեպք։  


ՎԿ-ի տվյալները վկայում են՝ հաշվետու ժամանակահատվածում  այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, աճել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 1 743 դեպք՝  2023 թ. 1 613 դեպքի դիմաց։ Պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և անցնելու 180 դեպք է արձանագրվել 2024-ի հունվար-մայիսին՝ նախորդ տարվա 195 դեպքի դիմաց, կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության 148  դեպք՝ նախորդ տարվա 101 դեպքի դիմաց։ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը, ի համեմատ նախորդ տարվա  (62 դեպք), այս տարվա 5 ամիսներին նվազել են՝  49 դեպք։ Աճել են նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունները՝ 1 366 դեպք՝ 1 255 դեպքի դիմաց։ 


Հաշվետու ժամանակահատվածում գրանցված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գծով նույնպես աճ է գրանցվել՝ 416 դեպք՝ 375 դեպքի դիմաց։


Գրանցված հանցագործությունների քանակով հաշվետու ժամանակաշրջանում առաջին տեղում Երևանն է, որտեղ գրանցվել է  հանցագործության 7 305 դեպք, երկրորդ տեղում Շիրակն է՝ 1 199, երրորդում՝ Լոռին՝ 1 196, այնուհետ Արմավիրը՝ 1 404, հետո Կոտայքը՝ 1 140 դեպք։ Հաշվետու ժամանակաշրջանում ամենաքիչ թվով հանցագործությունները՝ 211 դեպք, արձանագրվել են Վայոց ձորում։


Հ. Մ.