Մաշվող կուսակցություն. Երբեմնի հզոր՝ մոտ 160-հազարանոց ՀՀԿ-ից մնացել է մոտ 9-հազարանոց ուժ

Իշխանությանը մաշեցնելու ու գահընկեց անելու մասին պարբերաբար ճամարտակող ընդդիմադիր ուժերը, ինչպես «տարին մեկ» պարբերականությամբ տեղի ունեցող և նրանց կողմից նախաձեռնվող շարժումներն են վկայում, չունեն հանրային բավարար աջակցություն, ավելին՝ այդ աջակցությունը գնալով նվազում է ու... մաշվում։ Մաշման  գործընթացը, սակայն, պատուհասել է նաև հենց իրենց՝ ընդդիմադիր քաղաքական ուժերին,  որոնց անդամների թիվը հետհեղափոխական շրջանում նվազում է։  Այս մասին են վկայում հենց իրենք՝ տարեկան իրենց ֆինանսական հաշվետվությունների տեսքով։ Խոսքը մասնավորապես  նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ-ի մասին է։ Մինչդեռ կար ժամանակ, երբ սույն կուսակցության  անդամ լինելը նշանակում էր ամուր տանիք ու բազում բարիքներ,  անդամագրումներն էլ  «կոլեկտիվ հայտերով» էին տեղի ունենում։  Պատահում էր, հատկապես Կարեն Կարապետյանի վարչապետացումից և 2017-ի ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ, որ  «մեկ գիշերվա մեջ» 7 հազար մարդ «մեկ մարդու պես» որոշում էր կուսակցությանն անդամագրվելու դիմում ներկայացնել։ Երանելի ժամանակներ էին, ինչ խոսք՝ ՀՀԿ-ի համար, բնականաբար։


2016 թվականը, օրինակ, Ապրիլյան պատերազմի միջով անցած ՀՀԿ-ն  «փակեց»  158 հազար անդամով,  այս թիվը  2016-ի դեկտեմբերին  լրագրողների հետ հանդիպմանը հպարտորեն հնչեցրել էր   ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով՝ տարեսկզբին անդամների թիվը շուրջ 152 հազար է եղել: Աշոտյանը հայտնել էր նաև, որ տարվա ընթացքում կուսակցությունը լքել է շուրջ հազար մարդ: «ՀՀԿ-ն ոչ միայն ընդունում է մարդկանց, այլև հեռացնում է: Լինում են բնական կորուստներ՝ մահեր, մարդիկ, որոնք դուրս են գալիս կուսակցությունից: Կուսակցությունը բաց քաղաքական մարմին է, դինամիկ՝ իր մարդկային ռեսուրսով»,- հպարտացել էր կարկառուն ՀՀԿ-ականն ու հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին  անդամակցությունից հետո՞ է 1000 մարդ լքել կուսակցությունը, Աշոտյանը հեգնել էր. «Այս առումով պատմությունը լռում է, որովհետև նման դեպքերի ականատեսն ու արձանագրումը գոյություն չունի»: Փաստորեն, պատերազմն ու երկրի կառավարման անմխիթար վիճակը, այդ տարի տեղի ունեցած ՊՊԾ գնդի գրավումն ու դրան հաջորդած հանրային բողոքի ալիքը  վերջնարդյունքում ոչ թե ավելացրել էին ՀՀԿ-ից հիասթափվածների, զզվածների  թիվը, այլ... հակառակ պրոցեսն էր տեղի ունեցել՝ կուսակցության անդամների աճ՝ չնայած  բնական կորուստներին։  Հեղափոխությունը, սակայն, պայթեցրեց ՀՀԿ-ի հզորության մասին միֆը, այն ՀՀԿ-ի, որը մեկ տարի առաջ տեղի ունեցած ԱԺ ընտրություններին մասնակցել էր անդամների  «ընդլայնված շարքերով»։  Հիշեցնենք, ՀՀԿ-ին մերժելու յուրօրինակ  ֆլեշմոբ էր սկսվել՝ ՀՀԿ անդամներն իրենց անդամատոմսերը պատռում, աղբարկղն էին նետում՝ այսպիսով մերժելով ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլև նրա գլխավորած և նրա հետ ասոցացվող կուսակցությանը։ 158 հազարից 6 տարվա մեջ  մոտ 9 հազար... փաստորեն, ՀՀԿ-ին ոչ միայն մերժել է ժողովուրդը, այլև ՀՀԿ-ականներն իրենք իրենց են մերժել, այսինքն՝ ինքնամերժվել, և շարունակում են  պրոցեսը։ Այս ֆենոմենը քաղաքագիտության մեջ տեսնես ինչպե՞ս է  անվանվում։      

 


Անդամների թվի կրճատման մասին է գուժում նաև մեկ այլ՝ մեծաթիվ անդամներ ունեցող կուսակցության համբավ վայելող  «Բարգավաճ Հայաստան»-ը։ 2022 թ. տարեկան հաշվետվության մեջ նշված է, որ կուսակցությունն ունի 45 հազար անդամ, իսկ 2023թ. հաշվետվությունը վկայում է անդամների նվազման մասին՝ 44 հազար 860։ 140 հոգի մեկ տարվա մեջ հանդգնել է լքել մի կուսակցություն, որն, ինչպես հաշվետվության մեջ է նշված,  ստեղծվել է  «ժողովրդին ծառայելու, նրա համար արժանավայել կյանք ապահովելու և մեր հայրենիքի բարգավաճմանն իր նպաստը բերելու նպատակով»,   կուսակցության անդամներին էլ  միավորում են «ազատության, արդարության, համերաշխության և հայրենասիրության գաղափարները»։ 


Հ. Մ.