Հայ-չինական հարաբերությունների զարգացումը կարևոր է Չինաստանի համար. ՉԺՀ դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում:


 Հայաստանի Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին այդ հարցում ունեցած ավանդի համար: 


Դեսպան Ֆան Յոնն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին արդյունավետ փոխգործակցության եւ համագործակցության համար ու վստահեցրել, որ հայ-չինական հարաբերությունները ճիշտ ուղու վրա են, եւ դրանց զարգացումը շատ կարեւոր է Չինաստանի համար:


Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության:


Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային խնդիրներին եւ հայ-չինական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: