«ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրառում է կատարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ ամփոփելով Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումը։
Կոլոմինան նշել է, որ Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են ՆԱՏՕ-Ադրբեջան երկկողմ գործակցությունը և խաղաղության բանակցությունների զարգացումները:
Ադրբեջանական կողմի տվյալով՝ ի թիվս այլ հարցերի՝ պաշտոնյաներն անդրադարձել են էներգետիկայի, ռազմական կրթության և վարժանքների ու հումանիտար ոլորտներում շփումներին: Բայրամովը նաև հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի նախագծի հարցում զգալի առաջընթաց է գրանցվել: Միաժամանակ նա պնդել է, թե Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններ կան։