Սյունիքում չկային այն վախերն ու մտահոգությունները, որը ներկայացնում է ընդդիմությունը

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռօրյա այցով գտնվում էր Սյունիքի մարզում, որտեղ ամենատարբեր համայնքներում հանդիպումներ էր ունեցել տեղի բնակիչների հետ։


Civic.am-ը վարչապետի այցն ամփոփել է եռօրյա այցի ընթացքում վարչապետին ուղեկցած ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հետ։


«Տպավորություններս շատ դրական են, այցելել ենք գրեթե բոլոր բնակավայրերը, նույնիսկ գյուղական, շփվել բնակիչների հետ, ստացել իրականում նույնիսկ սպասվածից ավելի դրական էներգիա։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացանք, որ ժողովուրդը կիսում է այն մտքերը, այն ծրագրերը, որոնք ունի ներկայիս իշխանությունը»,- ասաց պատգամավորը։


Հարցին, թե սյունեցիների համար, հատկապես՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների, ո՞րն է ամենամտահոգիչ հարցը, պատգամավորն ասաց, որ բնականաբար անվտանգության հարցն է։


Նա նշեց, որ իրենց շփումները բնակիչների հետ ցույց են տալիս, որ մարդիկ միանշանակ կողմ են սահմանազատմանը և սահմանագծմանը, նույնիսկ Ճակատենից Ծավ ընկած գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում հույս հայտնեցին, որ այնպիսի սահմանազատում, որը տեղի ունեցավ Կիրանցում և Ոսկեպարում, տեղի կունենա նաև Սյունիքի գյուղերում և ընդհանրապես ամբողջ Հայաստանում, որպեսզի հստակ սահմանը ընդգծված լինի։


Խոսելով նաև այն մասին, թե սյունեցիներն ինչ կարծիք ունեն Գալստանյանի շարժման մասին, պատգամավորն ասաց. «Իրականում շատ քաղաքական կարծիք չունեն, մեծամասամբ ցավ և  մտահոգություն են հայտնում, որ եկեղեցին, որ կայացած կառույց է մեր պետության և պատմության մեջ, այս կարգի քաղաքականացվեց, այս կարգի շահարկվեց և այս կարգի օգտագործվեց նրա համար, ինչի համար ինքը առ հասարակ ստեղծված չէր։ Նրանց մտահոգությունները Բագրատ Գալստանյանն ու նրա շարժումը չէին, նրանց մտահոգությունները կոնկրետ այն փաստն էր, որ եկեղեցուն կարողացան օգտագործել»,- ասաց Նարեկ Ղահրամանյանը։


Նա նաև նշեց, որ Գալստանյանի շարժումը տապալված է, բայց մտածում է, որ նրանց խնդիրը նույնիսկ իշխանության գալը չէր, այլ ուղղակի սուտ, կեղծիք, սարսափ ու վախ տարածելը։


«Օրինակ՝ Սևան-Երևան ճանապարհին գազալցակայանի պայթյունի դեպքն էր տեղի ունեցել, որի արդունքում, ցավոք, մի քանի օր հետո հիվանդանոցում զոհ ունեցանք, բայց երբ դեռ այդ զոհը չկար, ընդդիմադիր մամուլը, որոշ ընդդիմադիր գործիչներ և ընդդիմադիր լրագրողներ հայտարարում էին, որ հավաստի տեղեկություններ կան, որ 16-18 զոհ ունենք։ Ու սա մենակ այս կոնկրետ դեպքով չի։ Օրինակ՝ Ծավում հնարավոր է ինչ-որ որսորդ որս անելիս կրակի, և մամուլում հայտնվի, որ մարտեր են ընթանում, կամ նույնիսկ հրետանի է աշխատում, զոհեր կան տարհանում են։ Այսինքն՝ իրենց գործողությունները ես կոնկրետ համարում եմ թշնամական»,- հավելեց պատգամավորը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան