Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք, երբ ծաղկում-փթթում
էին մարդ-կուսակցությունները կամ էլ մարդկանց
փոքր խմբեր միավորող տարատեսակ ֆորմատ-ճակատ-շարժումները, մի անեկդոտ էր շրջանառվում՝
«ով մի «Գազելի» չափ պասաժիր է հավաքում՝ կուսակցություն է բացում»։ Այս անեկդոտն,
ի դեպ, ընդհուպ պատմվեց ԱԺ հանձնաժողովներից մեկում օրենքի նախագծերից մեկի քննարկման
ժամանակ այն ժամանակ իշխող ՀՀԿ-ի պատգամավորներից մեկի կողմից՝ որպես
ախտորոշում արտախորհրդարանական ընդդիմության խայտառակ վիճակի։ Այս նույն պատգամավորն,
ի դեպ, համալրել է այն՝ արդեն 15 հազար հոգու շարքը, ովքեր «հուժկու» հանրահավաքներ
են կազմակերպում և արդեն որերորդ անգամ է՝ փորձում են հասնել իրենց իդեա-ֆիքսին՝ Նիկոլ
Փաշինյանի հրաժարականին։ Փաստորեն, Սերժ Սարգսյանի օրոք ով մի գազելի չափ՝ մոտ 10-15 հոգի, մարդ էր հավաքում,
պետռեգիստրում կուսակցություն էր գրանցում, Նիկոլ Փաշինյանի օրոք էլ ով մի 10-15 հազար
մարդ է փողոց դուրս բերում ու մի վայրում ժողովում, իշխանափոխություն է պահանջում։ Այս մարդկանց թվում է, թե ՀՀ-ում Սերժ Սարգսյանին
մերժել-հեռացնելուց հետո դեռ կենսունակ են նրա օրոք գործած «տրադիցիաները», երբ փողոցը դիտարկվում է որպես ժողովրդի ասելիքի ու անելիքի
հիմնական վայր, քանի որ սեփական կամքն արտահայտելու և ամրագրելու մնացած օրինական ուղիները,
կածանները, արահետները, միջքաղաքական ճանապարհներն
ու «մագիստրալները» պինդ փակված էին, եթե չասենք՝ արգելափակված էին տարիներ շարունակ։ Եվ ահա, «մի գազելի պասաժիրի չափ անդամ ունեցող»
կուսակցություններն ու նրանց հետևից գնացող
15 հազարի չափ աջակիցները որոշել են
նորից ճանապարհ փակել, նորից նույն ճանապարհը, ո՛չ, ոչ թե ՀՀԿ-ի օրոք «դեպի իշխանություն տանող» Մելիք-Ադամյանը,
այլ՝ ժողովրդի կողմից ընտրված իշխանության աշխատանքի վայր Բաղրամյանը՝ փորձելով իրենց՝
փոքրամասնության կամքը պարտադրել մեծամասնության
իշխանությանը։ Այն էլ՝ 96 ժամում։ Թե ինչպես
այդ պարտադրանքը կավարտվի և ինչ ելքով՝ կարելի է կանխատեսել նախքան նշված ժամկետը լրանալը։
Բայց մինչ այդ նկատենք՝ հունիսի 9-ի «հուժկու»
հանրահավաքից առաջ «շինիչ հորդոր» էինք հղել
«սրբազան պայքարի» կազմկոմիտեին՝ այդ օրը
կայանալիք հանրահավաքի ժամանակ հայտարարել
արդեն ամիսուկես ձգվող «թատերաշրջանի» ավարտի
մասին և պատվով դուրս գալ վերահաս խայտառակությունից՝
օրավուր պակասող իրենց աջակիցներից ներողություն խնդրել և ուղարկել տուն՝ազդարարելով
մարտավարական «թայմ աութի» մասին։ Բայց՝ ոչ, պարզվեց, որ «սրբազան» շարժման կազմկոմիտեն
սրբազան համառությամբ որոշել է «վա բանկ» գնալ՝ «վճռական գործողությունների» դիմել՝
այս անգամ էլ «հուժկու» նստացույց իրականացնել, այո՛, այո՛, Երևանի ամենաընդդիմադիր՝ Բաղրամյան պողոտայում և...
երեք օրվա ընթացքում, փաստորեն, լուծել իշխանության
հարցերը։ (Փաստորեն՝ 12 ժամ տևած ընտրական
պրոցեսի արդյունքում ձևավորված իշխանության
հարցերը սրբազնականները որոշել են մեկուկես ամիս + 96 ժամում լուծել։ Թող փորձեն, ինչ
արած)։ Նստացույցի որոշումը, ենթադրում ենք,
կայացվել է պարտադրված, հունիսի 9-ի հանրահավաքի մարդաքանակից ելնելով, այն դառը փաստին
առերեսվելով, որ սրբազանը իշխանափոխությունը «պռավալ է տվել», նրա աջակիցների թիվը մեկ ամսվա ընթացքում մոտ 32
հազարից նվազել է 15 հազարի։ Այսինքն՝ կես
է եղել։ Նման զարգացում, ի դեպ, կարելի էր
կանխատեսել, քանի որ այս շարժումը առաջնորդում
է ապաքաղաքական, սահմանադրական առումով խոցելի մի ֆիգուր, որը «կամենում է», բայց չի
«կարենում», և միակ կարեցածը երևանյան փողոցներում ամենօրյա անպտուղ վոյաժներն ու Սուրբ
Աննա եկեղեցու բակում օրվա «երեկոյան ամփոփումներն» էին, որոնք որպես քաղաքական ակցիա այլևս սպառել էին իրենց՝ սրբազանի կատարմամբ այլևս ձանձրալի ու հոգեմաշ քարոզներով
ու դրանց նոսրացող ունկնդիրներով։ Քաղաքագիտական մտքից ու քաղաքական ասելիքից զուրկ
հոգեթերապիայով, այո, կարելի է «չակնկալիքների պայքար» առաջնորդել, իսկ իշխանափոխություն
իրականացնել՝ հազիվ թե։ Մինչդեռ ընդդիմությունը, ինչպես երևում է, որոշել
է զոհաբերման տանել Վազգեն Գալստանյանին՝ օգտվելով վերջինիս՝ զոհաբերվելու մասին քանիցս
հայտնած պատրաստակամությունից։ Սրբազանն, այո,
ինքնազոհաբերման դեպքում կկորցնի այն, ինչ կորցրել է ընդդիմությունը՝ իր բարի անունն
ու համբավը, բայց փոխարենը չի կորցնի իր «մանդատը», ինչպես որ ընդդիմությունը չկորցրեց նախորդ շարժման
ձախողման արդյունքում։ Որպես հոգևորական սրբազանն
ապահովագրել է եպիսկոպոսական իր կարգը, ինչպես Գարեգին Բ-ն հավաստիացրեց, Տավուշի թեմի առաջնորդի պաշտոնում նրա գործունեությունն էլ դադարեցվել է։ Եվ եթե անգամ
այս շարժումն էլ նախորդների պես կապիտուլացվի, ապա քաղաքականության պայքարին զոհաբերված
սրբազանը մեծ հաշվով բան չի կորցնելու՝ կվերադառնա իր հոգևոր գործունեությանը՝ որպես
եպիսկոպոս, և եթե անգամ Տավուշի թեմի առաջնորդի իր «դադարեցված» լիազորությունները
չվերականգնվեն, կարող է իրեն պատուհասած խայտառակությունը թոթափել, այսպես ասած՝ ռեաբիլիտացվել՝ դիցուք գործուղվելով արտերկիր և
եկեղեցական որևէ առաքելություն ստանձնելով։ Իսկ այ այս շարժման իրական շահառուները, որոնք արդեն
իսկ ձախողվել են որպես ընդդիմության լիդերներ,
ևս մեկ խայտառակություն չեն կարող տանել իրենց փխրուն ուսերին, հետևապես միակ ռացիոնալ
որոշումը, որ հնարավոր էր կայացնել, սրբազանի ուսերի հետևում թաքնվելը շարունակելն
է՝ մեկումեջ, իհարկե, ծիկրակելով։
Փակուղում
հայտնված շարժման կազմկոմիտեն, ահա, որոշել է փոխել մարտավարությունը, ավելի ճիշտ՝
կրկնել ՀՓՇ-ի և «Դիմադրության» շարժումների օրերին կիրառված տեխնոլոգիան՝ մարդկանց որոշակի խմբի ոչ թե «չլել» փողոցներում ու հոգնեցնել,
այլ կուտակել մի վայրում, անունը դնել նստացույց, հոգալ նրանց կեցության ու զվարճանքի
համար անհրաժեշտ պայմանները՝ վրան, խորովածի հարմարանք, աթոռ-սեղան, ճաշացանկ և այլն,
և այսպիսի «զիզի-բիզի» ակցիայով մի որոշ ժամանակ «բիզի» (զբաղված) պահել Բաղրամյան պողոտան, այնքան ժամանակ, մինչև իրենց սրած «բիզը» կծակի
իրենց իսկ փչած «փուչիկը»՝ դրանից բխող հայտնի հետևանքներով։ Ընդդիմադիր նախորդ շարժումների
փորձը ցույց է տալիս, որ երբ ընդդիմության լիդերի կողմից ժամկետ է նշվում իշխանության
հրաժարականի, վերջինիս «տուն» ուղարկելու մասին,
որպես կանոն՝ այդ ժամկետը լրանալուն պես «տուն» է գնում ոչ թե իշխանությունը, այլ՝
ընդդիմությունը։ Բագրատ սրբազանին առաջարկում
ենք հիշել մասնավորապես ընդդիմության երբեմնի
առաջնորդ Իշխան Սաղաթելյանի նախորդիվ՝ դեռ 2022-ին արած հայտարարություններն առ այն, որ «ռեժիմը խուճապի մեջ է», նաև՝ «Նիկոլ Փաշինյանին
հաշված օրեր են մնացել»...
Ինչ-որ բան մեզ հուշում է, որ այս շարժման
մոտալուտ ավարտն էլ ունենալու է նույն փաստարկումը, ինչ՝ «լաո»-ական շարժումը, այն
է՝ ձախողումը բարդվելու է ժողովրդի գլխին, վերագրվելու է վերջինիս՝ «էսքանից հետո էլ անթասիբ և անհայրենիք
լինելուն», «հայրենիք ենք կորցնում»-ին ականջալուր
չլինելուն... Այսքանից հետո ի՞նչ է մնում անել շարժման պատասխանատուներին, եթե ոչ՝ ամեն ինչ
«բրախելն» ու հանգիստ խղճով արտասահման թռչելը՝ մաշված ռեյտինգն
ու հոգնած մարմինը արևին տալու։
«Սրբազան» դեժավյու
Ի դեպ, քանի որ հիշեցինք նախորդ շարժումները, ապա վերհիշենք նաև դրանց
անփառունակ ավարտի մասին պարզաբանումները։ 2022-ի հունիսյան այս օրերին՝ հունիսի
13-ին, «Դիմադրության» (ապրիլի 23-ի երթով ազդարարված) շարժման առաջնորդ Ի. Սաղաթելյանը սրտակեղեք հայտարարեց՝ ընդդիմությունը կանգնած է մարտավարության փոփոխության
անհրաժեշտության առաջ և որոշել է «վաղվանից հավաքել Ֆրանսիայի հրապարակի վրանները»,
քանի որ «շարժման ներուժը մեծացնելու, նոր մոտեցումներ որդեգրելու, հարթակն
ընդլայնելու, հստակ գործողություններ ծրագրելու նոր հանգրվանի առաջ ենք կանգնած,
ուստի որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքը և բովանդակությունը»։ «Մեր ծրագրած քայլերն իրականացրել ենք
ամբողջությամբ, սակայն այս իշխանությունների պահվածքն իր ազդեցությունն է թողել
մեր ծրագրերի վրա։ Պետք է ասել` Փաշինյանին չընդունողների թիվն ավելի շատ է, քան
հրապարակում կանգնածներինը, և մենք, այո, չենք կարողացել բոլորին դուրս բերել
հրապարակ»,- ազդարարեց Սաղաթելյանը`
հավելելով, որ կազմակերպական բնույթի թերացումներ ևս ունեցել են։ Ի դեպ,
ընդդիմությունն այդ օրերին թեև իմպիչմենթի գործընթաց փորձեց նախաձեռնել,
ժամանակավոր կառավարության խոսույթը զարգացնել, բայց այդպես էլ չազդարարեց վարչապետի իրենց թեկնածուի անունը։ Ռ. Քոչարյանի անունը տալը, այո, չափազանց ռիսկային էր։
2020-ին մեկնարկած ՀՓՇ-ն էլ, որին միացել էր
17 կուսակցություն և վարչապետացու առաջադրել Վազգեն Մանուկյանին, հիշեցնենք, Բաղրամյան պողոտան փակ էր պահում 2021 թ. փետրվարի 25-ից, ի սկզբանե էլ պահանջում
էր գրեթե նույնը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր
կառավարության ձևավորում և արտահերթ ընտրություններ: Իսկ երբ Փաշինյանը հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին, մեկ շաբաթ անց
ՀՓՇ-ի շտաբը որոշեց բացել Բաղրամյանը, Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարն էլ հայտարարել շարժման շտաբ: ՀՓՇ-ն էլ այդ որոշումը
այսպես մեկնաբանեց՝ սկսում են քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողությունների
աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը: «Շտաբը նպատակ ունի հանրային
ճնշման պահպանման և շարժման հետագա գործողությունների համակարգման»,- նշել էին ՀՓՇ-ականները,
որոնք, սակայն, շուտով որոշեցին ցրվել տներով, նրանց մի մասն էլ՝ նախապատրաստվել արտահերթ
ընտրություններին: «Սրբազան» կոչվող այս շարժումը, նկատենք, ունի վարչապետի թող որ՝
ֆիկտիվ թեկնածու և նրա ազգանունը «Քոչարյան» չէ, բայց չի պահանջում արտահերթ
ընտրություններ, այլ՝ ՀՓՇ-ի և «Դիմադրության» շարժման օրակարգն է առաջ բրթում՝
վերցնել կառավարման լծակները և նորից ուզուրպացնել իշխանությունը, քանի որ, այո, համոզված է՝ արտահերթ կամ հերթական ընտրությունների դեպքում
չի հավաքելու գործող խորհրդարանում ունեցած տոկոսները՝ եթե, իհարկե, հավաքի որևէ
տոկոս և ի վիճակի լինի հաղթահարել ԱԺ ոտք դնելու նվազագույն շեմը։
Հ. Մանուկյան