Սահմանադրական դատարանը բավարարել է Մարտի 1-ի գործով Վճռաբեկ դատարանի դիմումը: Վճռաբեկը Մարտի 1-ի վարույթով անցնող 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով դիմել էր բարձր դատարան՝ միջնորդելով որոշել քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:
Խնդիրը 1998-ին ընդունված այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը:
Բարձր դատարանը որոշել է, որ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը՝ այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:
Սա նշանակում է, որ Քոչարյանին և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացված մեղադրանքը կարող է վերաորակվել:
Աղբյուր՝ 1lurer.am