Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջինը ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն, երկրորդը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն․ Փաշինյանը՝ Արցախի մասին

Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 13:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը սկսել են Լեռնային Ղարաբաղի, ըստ էության, ամբողջ տարածքի հրետակոծությունը: Եվ որոշ ժամանակ անց սկսել են նաև գործողություն Լեռնային Ղարաբաղի շփման գիծը խախտելու և Լեռնային Ղարաբաղում դիրքեր և որոշ տեղեկությունների համաձայն՝ նաև բնակավայրեր վերահսկողության տակ առնելու ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի հետ, իհարկե, մենք կապի մեջ ենք, բայց կապի որոշակի խնդիրներ կան: Բայց ընդհանուր տեղեկությունը դա է, որ սկզբից ամենատարբեր, այդ թվում՝ ռեակտիվ հրետանային միջոցներով հարվածներ են հասցվել Լեռնային Ղարաբաղի տարածքին, այնուհետև մի քանի ուղղություններից ցամաքային գործողություն են սկսել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Այս ընթացքում, իհարկե, Ադրբեջանը նաև տեղեկատվական ուղեկցում է իրականացնում գործողությունների: Եվ նաև մեզ համար տարօրինակ և տարակուսելի էր տեղեկությունը, որԱդրբեջանն այդ գործողությունների մեկնարկի մասին տեղյակ է պահել պաշտոնապես Ռուսաստանի Դաշնությանը:
 
Իհարկե, սա Ադրբեջանի վարկածն է , տեղեկատվությունն է, և ուզում եմ սրա վրա ուշադրություն հրավիրել, սակայն փաստն այն է, որ մենք գոնե այդ գործողության մասին Ռուսաստանի մեր գործընկերներից որևէ տեղեկատվություն չենք ստացել: Իհարկե, նաև ասել, որ այս իրադրությունն անկանխատեսելի էր՝ չի կարելի, որովհետև ինչպես նախորդիվ ասել եմ Կառավարության նիստերում, մենք տեսնում էինք իրադրության լարումը: Եվ նաև այսօր Արտաքինգործերի նախարարության հայտարարության մեջ այդ ընդգծումը կար, որ երեկ  Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպումն Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների դիվանագիտական նախապատրաստություն էր, և փաստորեն դա արդարացվեց: Իհարկե, մենք անմիջապես Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ են հրավիրել՝ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ, և քննարկել ենք իրադրությունը: Եվ պիտի արձանագրենք, որ այսպիսով Ադրբեջանը, ըստ էության, մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան: Եվ, ինչպես արդեն Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված է, մենք կարծում ենք, որ առաջինը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն և երկրորդը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նույնպես ակնկալում ենք, որ միջոցներ ձեռնարկի: Իհարկե, այս ընթացքում արդեն կան մեկնաբանություններ, ցավոք, որոնք փորձ են անում այս տեղի ունեցող գործընթացը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ: Բայց ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, այն ինչ բազմիցս ասել եմ՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, և մեր մշտական խնդիրը եղել է և շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովումը, և դա է եղել մշտապես մեր օրակարգում: Տարօրինակ եմ համարում Ադրբեջանի այն հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը Լեռնային Ղարաբաղը լքելու համար: Սա էթնիկ զտումների ուղիղ գործողություն է: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, եթե իրենք հայտարարում են, որ տեղի է ունենում այսպես կոչված հակաահաբեկչական գործողություն և քաղաքացիական ենթակառուցվածքներին և քաղաքացիներին հարված չի հասցվում, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ են նրանք հայտարարում մարդկանց Լեռնային Ղարաբաղից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին: Եթե նրանց ասածն իրականության հետ կապ ունենար, ընդհակառակը՝ պիտի հորդորեին քաղաքացիներին պատսպարվել, մնալ ապաստարաններում և դուրս չգալ այնպիսի վայրեր, որտեղ նրանք ակամակարող են խոցվել: Եվ այս տրամաբանությունը, որ զարգացնում է Ադրբեջանը, ակնհայտորեն ցույց է տալիս  էթնիկ զտման կոնկրետ գործողության մեկնարկը: