Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի նպատակը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է․ Փաշինյանը՝ Արցախում իրավիճակի մասին

Բայց ես ուզում եմ նաև գնահատել իրադրությունը Հայաստանի տեսակետից: Նախ ասեմ, որ այս պահի դրությամբ Հայաստանի սահմանների երկայնքով իրադրությունը հարաբերականորեն կայուն է, այսինքն իրադրության տեսանելի և էական փոփոխություն մենք չունենք: Բայց ինչպես ասել եմ և ասում եմ, հիմա ընդգծում եմ, որ այս գործողության հիմնական և առանցքային թիրախը և նպատակը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է: Տեսեք, այսօր մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ և նաև պաշտոնական լրատվամիջոցներ, կամ իշխանությունների հետ կապ ունեցող լրատվամիջոցներ, տեղեկություն են տարածում, որ իրենք հարվածներ են հասցնում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումների ուղղությամբ՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղը: Եվ, ցավոք, այս նույն տեղեկատվությունը կրկնում են նաև մեր մի շարք գործընկերներ, որոնք ասում են, որ Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները:

Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, և ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի: Եվ նաև մեր հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել ներքին և արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք անպայմանորեն ուզում են, որ Հայաստանը ներքաշեն լայնածավալ ռազմական գործողությունների մեջ: Դա տեսանելի է, և մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը մեզ համար անընդունելի են և մենք կառավարելու ենք այս գործընթացը, ինչքան էլ հասկանում ենք, սիրելի ժողովուրդ, այս իրադրությունում մեր բոլորի զգացողությունների էմոցիոնալ և բազմաթիվ այլ խնդիրներ: Բայց մենք չպետք է հնարավորություն տանք, որ որոշ մարդիկ, որոշ ուժեր՝ արտաքին, նաև ներքին, Հայաստանի պետականությունը դնեն հարվածի տակ: Ցավոք պիտի արձանագրեմ, որ, ինչպես և սպասվում էր, հիմա արդեն տարբեր տեղերից հնչում են, ընդհուպ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու կոչեր:

Ահա Հայաստանի պետականությունը և պետությունն այս պայմաններում պետք է արձագանքի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Բայց, իհարկե, այս իրավիճակում շատ մեծ բան է կախված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, Հայաստանի Հանրապետության ժողովրդից, որոնք, իմ խորը համոզմամբ, պիտի սթափ, սառը վերաբերվեն ստեղծված իրավիճակին, ինչքան էլ դա դժվար է: Պիտի կռահեք, որինչքան դժվար է յուրաքանչյուրի համար, առնվազն նույնքան դժվար է նաև ինձ  համար, Անվտանգության խորհրդիանդամների համար, երկրի ղեկավարության համար, բայց մենք այս պահին որևէ չհաշվարկված, որևէ  կտրուկ գործողություն, որևէ արկածախնդրային գործողություն չպետք է իրականացնենք:

Իհարկե ես հասկանում եմ նաև, որ տեղեկատվության որոշակի պակաս կա և տեղեկատվության պակասը նաև պայմանավորված է նրանով, որ Լեռնային Ղարաբաղում, ինչպես նշեցի, հրետանային հարվածների պատճառով կապիհանգույցներ են վնասված և այդ  պատճառով տեղեկատվության հոսքի որոշակի դժվարություններ կան, բայց այնուամենայնիվ, կարծում եմ մեր լրատվամիջոցները և մարմինները, ըստ հնարավորի, կապի մեջ են Լեռնային Ղարաբաղի հետ և նրանց հումանիտար բնույթի աջակցություն ցույց տալու համար անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն՝ ըստ իրավիճակի:

Այս պահին կարծում եմ այսքանն ունեմ ասելու և կրկին անգամ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ չտրվել սադրանքների, պահպանել սառնասրտություն, հետևել պաշտոնական տեղեկատվությանը և պաշտոնական լրահոսին:

Իհարկե, բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկվեն, որպեսզի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պատշաճ կարգով բոլոր իրադարձություններից տեղեկացված լինի: և, իհարկե, շատ կարևոր է, որ ՀայաստանիՀանրապետությունում լիարժեք կարգով գործի  իրավակարգը և պահպանվի կայունությունը, որովհետև բոլորիս հասկանալի է, որ իրավակարգի և կայունության խաթարումը հենց այն նպատակն է, որ իրենց առաջ դրել են այն ուժերը, որ գործում են և նպատակադրված են գործել ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Այսքանն այս պահին, սիրելի հայրենակիցներ, ըստ անհրաժեշտության, նաև ես անձամբ, ձեզ տեղեկատվություն կտամ իրադրության վերաբերյալ, իրադրության իմ գնահատականները կիսեմ ձեզ հետ, և նաև պետական մարմինները՝ Արտաքին գործերի նախարարությունը, ըստ անհրաժեշտության մյուս պետական մարմինները, հանդես կգան համապատասխան հայտարարությամբ: