Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի արդյունավետ և վճռական գործողություններ. Նիկոլ Փաշինյանը ՔԿ կոլեգիայի անդամներին է ներկայացրել Արգիշտի Քյարամյանին

Քննչական կոմիտեից ակնկալում եմ ավելի արդյունավետ և վճռական գործողություններ. Նիկոլ Փաշինյանը ՔԿ կոլեգիայի անդամներին է ներկայացրել Արգիշտի Քյարամյանին
Պաշտոնական
12:38, 14 июль 2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է
ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՔԿ արդեն նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին՝ վերջին երեք
տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: «Ուզում եմ ընդգծել, որ պարոն Գրիգորյանի մասնագիտական և
մարդկային հատկանիշները շատ բարձր եմ գնահատում և պիտի ասեմ, որ մենք արդեն խոսել ենք՝ պարոն Գրիգորյանի
ներուժը կներառվի պետական կառավարման համակարգում, այդ հարցն առաջիկայում կքննարկենք և որոշում
կկայացնենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելու
առթիվ: «2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր փուլ ենք մտնում
և այդ փուլի առանձնահատկությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մանդատ են տվել
իշխանությանը՝ ՀՀ-ում հաստատելու օրենքի և իրավունքի դիկտատուրա: Նոր պայմաններում Քննչական կոմիտեից
ակնկալում եմ ավելի արդյունավետ գործողություններ, ավելի վճռական գործողություններ և ավելի հատուկ
գործողություններ՝ ժողովրդի ակնկալիքները բավարարելու համար:

Իհարկե շատ կարևոր աշխատանք է արվել, սակայն շարունակաբար պիտի աշխատենք նախաքննության
արդյունավետությունը, տեմպերը և արդյունավետ ելքերն ապահովելու ուղղությամբ: Հույս ունեմ, որ պարոն
Քյարամյանի ղեկավարությամբ այդ աշխատանքը կիրականացվի: Համոզված եմ, որ պարոն Գրիգորյանն իր ահռելի
փորձով աջակից կլինի պարոն Քյարամյանին՝ այդ գործունեության մեջ: Պարոն Գրիգորյան, թույլ տվեք ևս մեկ
անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ կատարած աշխատանքի և ընդհանրապես Ձեր պատրաստակամության համար՝
շարունակելու ծառայությունն այլ կարգավիճակում՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Պարոն
Քյարամյան, ցանկանում եմ հաջողություններ մաղթել այս կարևոր պաշտոնում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատարին ընձեռված հնարավորության և բարձր
վստահության համար: «Պարոն վարչապետ, 3 տարի անընդմեջ Դուք բոլոր հարցերով Քննչական կոմիտեի կողքին եք
կանգնել, բոլոր խնդիրները, որոնք ծառացել են՝ կազմակերպչական բնույթի, բարոյահոգեբանական մթնոլորտը,
սոցիալական երաշխիքներն ապահովելու առումներով, միշտ ընդառաջել եք ինձ և Քննչական կոմիտեի ողջ
անձնակազմին: Մշտապես բարձր վստահություն է եղել մեր նկատմամբ և թույլ տվեք խորին շնորհակալություն
հայտնել Ձեզ և իմ գործընկերներին»,- ասել է ՔԿ նախկին նախագահը:

Հայկ Գրիգորյանը նշել է, որ վերջին 7 ամիսների ընթացքում աշխատել է Արգիշտի Քյարամյանի հետ և բարձր է
գնահատում նրա անձնական, մասնագիտական, բարոյահոգեբանական հատկանիշները:

Իր հերթին, ՔԿ նորանշանակ նախագահ Արգիշտի Քյարամյանը ևս շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ու կառավարությանը՝ երկրի համար կարևոր ժամանակահատվածում այս պատասխանատու պաշտոնը վստահելու
համար: Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել նաև Հայկ Գրիգորյանին՝ համատեղ աշխատանքի համար:

«Պարոն վարչապետ, վստահեցնում եմ՝ Քննչական կոմիտեի առջև ծառացած յուրաքանչյուր խնդիր լուծվելու է արագ,
արդյունավետ և օրենքի տառին համապատասխան»,- նշել է Արգիշտի Քյարամյանը: