Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանն ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին

Արայիկ Հարությունյանն ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին
Պաշտոնական
14:14, 14 июль 2021
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ արտաքին գործերի նախարարության
աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արմեն Գրիգորյանին:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին՝ կատարած
աշխատանքի համար. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ղևոնդյանին այս ամիսներին կատարած
աշխատանքի համար: Դա շատ կարևոր և բարդ փուլում էր: Քչերն էին պատրաստակամ այդ պատասխանատվությունը
վերցնել իրենց վրա: Դրանցից մեկը Դուք եք, պարոն Ղևոնդյան»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին կարևոր պաշտոնն ստանձնելու
կապակցությամբ: «Նախորդ տարվա իրադարձությունների բերումով Արտաքին գործերի նախարարության
դերակատարումը մեր ներքին և արտաքին կյանքում շատ կարևոր է: Վստահ եմ՝ Դուք պատվով կկատարեք Ձեր
ստանձնած պարտականությունները և կլուծեք այն խնդիրները, որոնք մեր առաջ դրել է հանրությունը հունիսի 20-ի
ընտրություններով, և որը կառավարությունը դնում է Ձեր առջև»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Արմեն Ղևոնդյանն իր խոսքում նշել է, որ կատարված աշխատանքը եղել է համակարգային, աշխատել են բոլոր
ստորաբաժանումները, վարչությունները, և միայն համատեղ աշխատանքի շնորհիվ է հնարավոր հասնել արդյունքի:

Արմեն Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Կարելի է ասել՝ որոշների հետ աշխատանքային փորձ ունենք,
որոշակի աշխատանքներ կատարել ենք այս ընթացքում: Անվտանգության խորհուրդը մեծ հաշվով կտրված չի եղել
արտաքին քաղաքականության ձևավորման գործընթացից, և ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր համատեղ
աշխատանքի համար: Իհարկե, այսօրվանից սկսած առավել ինտենսիվ ենք աշխատելու: Համոզված եմ՝ մեր բոլոր
ջանքերը ներդնելու ենք, որպեսզի ի կատար ածենք այն մանդատը, որը քաղաքացիները տվել են «Քաղաքացիական
պայմանագիր» կուսակցությանը: Եվ այն բոլոր ուղենիշերը, որոնք նշված ենք «Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցության նախընտրական ծրագրում, որը նաև արտացոլվելու է Կառավարության ծրագրում, համատեղ
իրականություն ենք դարձնելու: Շատ ծանր և դժվարին, բայց նաև պատասխանատու և պատվաբեր փուլ է լինելու:

Համոզված եմ՝ համատեղ աշխատելու և արդյունքներ ենք ունենալու»: