Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստորագրվելու է հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր. Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Էյր Արաբիա»-ի խորհրդի նախագահին

Ստորագրվելու է հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր. Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Էյր Արաբիա»-ի խորհրդի նախագահին
Պաշտոնական
18:19, 14 июль 2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Էյր Արաբիա» ավիաընկերության խորհրդի նախագահ
Շեյխ Աբդուլլահ Բին Մոհամադ Ալ Թանիին:

Նիչկոլ Փաշինյանը կարևորել է այսօր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Մերձավոր Արևելքի ու
Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների ամենախոշոր ավիափոխադրող «Էյր Արաբիա»-ի միջև հայկական նոր
ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Վարչապետի պաշտոնակատարը
գոհունակությամբ է նշել, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և
ավիաընկերության միջև մի քանի ամիսների սերտ ու հետևողական բանակցությունների արդյունքում հնարավոր է
դառնում կյանքի կոչել այս հավակնոտ ծրագիրը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունն իր
գործիքակազմերով պատրաստ է օժանդակել ավիաընկերության արդյունավետ գործունեությանը, ինչը կնպաստի
ուղևորահոսքերի ընդլայնմանը, նոր ներդրումների ներգրավմանը, զբոսաշրջության զարգացմանն ու քաղաքացիներին
ավիացիոն ոլորտում ժամանակակից և որակյալ ծառայությունների մատուցմանը:

«Էյր Արաբիա»-ի տնօրենների խորհրդի նախագահը վստահություն է հայտնել, որ հայկական ազգային
ավիափոխադրողի հիմնումը, նոր ուղղություններով ավիաչվերթների կազմակերպումը նոր ազդակ կհաղորդվի
հայկական ավիացիոն շուկայի զարգացմանը: Նրա խոսքով՝ իրենք Երևանը դիտարկում են որպես
ավիահաղորդակցության ընդլայնման հետաքրքիր հնարավորություն: Ավիաընկերությունը գործելու է բյուջետային
ավիաընկերություններին հատուկ սակագներով՝ մատուցելով բարձրակարգ ծառայություններ:

Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել ավիաընկերության գործունեությանը և նշել, որ ՀՀ քաղաքացիները
ցածր սակագներով ավիահաղորդակցության կազմակերպումը դիտարկում են որպես ճանապարհորդության և մատուցվող
ծառայությունների ընտրության ավելի լայն հնարավորություն:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրենը և
«Էյր Արաբիա»-ի ղեկավարությունը ներկայացրել են նախատեսվող ծրագրերն ու հետագա քայլերը: