Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին
Պաշտոնական
20:02, 14 июль 2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դեսպանին Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ և նշել, որ երկու դար
առաջ տեղի ունեցած իրադարձությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Ֆրանսիայի, այլև ողջ
ժամանակակից մարդկության համար: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Ֆրանսիայում տեղի ունեցած
հեղափոխության արդյունքում աշխարհում ձևավորվեցին նոր հարաբերություններ: «Ուրախ եմ արձանագրել, որ մեր
երկրների հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակի վրա: Առաջիկայում սպասում ենք
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը մեր երկիր, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական բազմակողմանի
հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ
նախագահ Մակրոնի հետ գտնվում է մշտական կապի մեջ: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանը
բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և
տարածաշրջանում կայունության ամրապնդման գործում:

Դեսպան Լաքոթը շնորհակալություն է հայտնել շնորհավորական խոսքերի համար՝ հավելելով, որ 2018-ին տեղի
ունեցած հեղափոխությունը ևս ժողովրդավարական արժեքների ամրապնդման նոր իրողություններ ստեղծեց
Հայաստանում: Դեսպանը շնորհավորել է վարչապետի պաշտոնակատարին և ՀՀ քաղաքացիներին՝ հունիսի 20-ի
արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ և նշել, որ այդ
ընտրություններով Հայաստանը հղեց ամուր ժողովրդավարական ուղերձ և միջազգային ասպարեզում, այդ թվում՝
Ֆրանսիայի հետ համագործակցության, նոր ուղի բացեց: Ժոնաթան Լաքոթը հավելել է, որ ակտիվ աշխատանքեր են
տարվում Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցի կազմակերպման ուղղությամբ, ինչը կարող է մեծ ազդակ
հաղորդել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի
իրականացմանը: Դեսպանն ընդգծել է, որ ֆրանսիական կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության
զարգացմամբ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, կրթության և այլ ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը և Ժոնաթան Լաքոթն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին:

Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ իրենք ուշադրությամբ հետևում են տեղի ունեցող գործընթացներին և ֆրանսիական
կողմը շարունակելու է հետևողական ջանքերը՝ ի նպաստ կայունության, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության և
բանակցությունների վերականգնման: Դեսպանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս
կարգավորված չէ և այն հնարավոր կլինի միայն ԼՂ վերրջնական կարգավիճակի հստակեցումից հետո: Միաժամանակ,
դեսպան Լաքոթն իր ցավակցություններն է հայտնել Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից
արձակված կրակից հայ զինծառայողի մահվան կապակցությամբ և անթույլատրելի համար նման գործողություններն ու
հրադադարի ռեժիմի խախտումները:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում անկայունություն հրահրելու
համար, ինչի վկայությունն են այնտեղից ամենաբարձր մակարդակով հնչող շարունակական ագրեսիվ
հռետորաբանությամբ հայտարարությունները: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է տեղի ունեցող
գործողություններին միջազգային հանրության կողմից համարժեք արձագանքը և անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը: