Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը

Քննարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը
Պաշտոնական
14:36, 16 июль 2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել
խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF)
գործունեության հաշվետվությունը:

«Երբ ֆոնդը ստեղծվեց, նորարարություն էր մեր իրականության մեջ և պետական-մասնավոր գործակցության մի
յուրօրինակ մոդել: Մենք ժամանակ առ ժամանակ վերադառնում ենք թեմային՝ հասկանալու, թե ինչքանով է աշխատող
և կիրառելի այս մոդելը: Հետևաբար այսօր հերթական հաշվետվության ժամանակն է: Ֆոնդը ստեղծվել է 2019
թվականի մայիսին և պետք է քննարկենք երկու տարվա աշխատանքի արդյունքները»,- խորհրդակցության սկզբում նշել
է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է ֆոնդի
կողմից իրականացված գործարքների արդյունքները, մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման
ռազմավարության տրամաբանության ներքո պետություն-մասնավոր հատված գործունեության հնարավորությունները,
խոշոր ներդրումային ծրագրերի ներգրավմանը միտված աշխատանքների ընթացքը:

Զեկուցվել է, որ էներգետիկայի ոլորտում ընթացքի մեջ է «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային
կայանի հիմնման ծրագիրը՝ «Մասդար» ընկերության հետ համագործակցությամբ: Այն գնահատվում է 174 մլն դոլար:
Փափազյանը վստահություն է հայտնել, որ այս մեծածավալ ծրագիրը կնպաստի արտադրական հզորությունների
ընդլայնմանն ու էլեկտրաէներգիայի սակագների նվազեցմանը: Նշվել է, որ էներգետիկայի ոլորտում նոր նախագծեր
իրականացնելու ուղղությամբ ևս աշխատանքներն ընթացքի մեջ են:

Ֆոնդի գործադիր տնօրենը հիշեցրել է, որ ընդամենը օրեր առաջ «Էյր Արաբիա» ավիաընկերության հետ կնքվել է
ազգային բյուջետային ավիափոխադրող հիմնելու գործարքը: Նախատեսվում է, որ ավիաընկերությունն ավիաչվերթեր
կիրականացնի դեպի Ռուսաստանի Դաշնություն, Արևելյան Եվրոպայի ու Միջին Արևելքի երկրներ՝ քաղաքացիներին
մատուցելով բարձրակարգ ծառայություններ՝ հնարավորինս ցածր սակագներով: Ծրագրվում է, որ առաջիկա 5
տարիների ընթացքում ավիաընկերությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կբազավորի 15 օդանավ:
Հաշվետու ժամանակահատվածում ֆոնդը ներդրումային մի քանի գործարքներ է կնքել նաև տեղական
ընկերությունների հետ՝ նպաստելով վերջիններիս գործունեության զարգացմանն ու ընդլայնմանը: Ծրագրերն
իրականացվում են վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսության, առողջապահության, ծառայությունների
մատուցման, զբոսաշրջության ոլորտներում:

Ֆոնդի գործունեության հաջորդ ուղղություններն են՝ աջակցությունը ջրի և թափոնների կառավարման
համակարգերին: Ներկայացվել են նաև այս ուղղություններով նախատեսվող ծրագրերն ու աշխատանքները:

Հաշվետվության վերաբերյալ ներկայացվել են տարբեր հարցադրումներ, դիտարկումներ, ինչպես նաև
առաջարկություններ՝ ֆոնդի հետագա գործունեության շուրջ: Կարևորվել է Հայաստանի պետական
հետաքրքրությունների ֆոնդի առավելագույնը թափանցիկ և հաշվետվողական գործունեության ապահովումը, նոր
ներդրումային ծրագրերի ներգրավումն ու ընթացիկ նախագծերի արդյունավետ իրականացումը: