Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է․ Նիկոլ Փաշինյան

Ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է․ Նիկոլ Փաշինյան
Պաշտոնական
14:09, 23 август 2021
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակը: Մեր պետության ու ժողովրդի համար
պատմական այդ փաստաթուղթը, որն ընդունվեց Գերագույն խորհրդի կողմից, ազդարարեց անկախ պետականության
հաստատման գործընթացի մեկնարկը: Այդ փաստաթուղթը հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ
ժողովրդի անկոտրում կամքի վրա:

Անցած երեք տասնամյակների ընթացքում մենք անցել ենք բազում փորձությունների միջով, ունեցել ենք
հաջողություններ, նաև դժվարություններ ու ձախողումներ: Ու կարևոր է ընդգծել, որ  ամուր և ինքնիշխան
պետականություն ունենալու մեր կամքն անսասան է և այդ կամքը պիտի արտահայտվի պետությունը և պետական
ինստիտուտները կայացնելու, ուժեղացնելու մեր ամենօրյա աշխատանքում:

Մենք Անկախության հռչակագիրն ընդունած սերնդի ներկայացուցիչն ենք, և սա պատմական առաքելություն է մեզ
համար՝ հաղթահարել մարտահրավերները, ամրացնել մեր պետականության հիմքերը, բարձրացնել նրա միջազգային
հեղինակությունը, մեծացնել ներդրումային գրավչությունը, կերտել անսասան քաղաքացիական պատասխանատվություն
ու վստահություն՝ պետության հանդեպ: Այս առաքելությունը մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ
պատասխանատվություն:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության հռչակագրի 31-ամյակի կապակցությամբ: