Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավստրիայի կանցլերը շնորհավորել է Հայաստանի վարչապետին՝ նշանակման առիթով

Ավստրիայի կանցլերը շնորհավորել է Հայաստանի վարչապետին՝ նշանակման առիթով
Պաշտոնական
16:56, 30 август 2021
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ
վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն, պարոն վարչապետ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու
կապակցությամբ։

2021թ․սեպտեմբերի 21-ին Հայաստանը տոնում է իր անկախության 30-ամյակը։ Այս տարիների ընթացքում
մեր երկրների միջև հարաբերությունները շարունակաբար խորացել և ընդլայնվել են։ Ուրախ եմ, որ Ավստրիական
զարգացման գործակալությունը մեծապես ակտիվացրել է իր ներգրավվածությունը վերջին տարիների ընթացքում։
Ներկայում Հայաստանը Ավստրիայի համար կենտրոնական երկրների շարքում է զարգացման քաղաքականության
համատեքստում։ Այս ամռանը ԱԶԳ-ն լիարժեք գրասենյակ է բացել Հայաստանում։ Ակնկալում եմ երկկողմ
հարաբերությունների հետագա զարգացում նաև տնտեսական ոլորտում։

Դուք վերստին ստանձնում եք վարչապետի պաշտոնը բարդ ժամանակներում։ Covid-19 համավարակը և
նախորդ տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը ծանր մարտահրավերներ էին Հայաստանի համար։
Ավստրիան անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին նոր բռնության սրմամբ, որը շարունակում է
կյանքեր խլել։ Ցանկանում եմ հավաստիացնել, որ Ավստրիան շարունակելու է առավելագույնս աջակցել վստահության
կառուցմանը տարածաշրջանում, ինչպես նշել է ԱԳ նախարար Շալլենբերգը ԵՄ մանդատով Հայաստան կատարած
այցի շրջանակում։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն Ձեր պարտականություններն իրականացնելիս»։