Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք. ՀՀ նախագահի ուղերձը Արցախի անկախության օրվա առթիվ

Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք. ՀՀ նախագահի ուղերձը Արցախի անկախության օրվա առթիվ
Պաշտոնական
10:30, 02 сентябрь 2021
1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը:

Այս նշանակալի իրադարձության 30-ամյակը դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժվարին իրավիճակում: Արցախի անկախության օրվա առթիվ իր ուղերձում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:


«Եվս մեկ անգամ խորին ցավակցություններս եմ հայտնում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Մենք կանգնած ենք համահայկական փորձության առջև, որը հաղթահարելու համար վերստին անհրաժեշտ է համազգային միասնություն ու համախմբում:

Արցախի անվտանգության ապահովման ու բնակչության կյանքի անձեռնմխելիության, Ադրբեջանի կողմից նոր պատերազմի շարունակական սպառնալիքի, Արցախի կարգավիճակի, սոցիալ-տնտեսական և մարդասիրական հարցերը համազգային օրակարգի առաջնահերթություններ են: Դրանք չեն կարող լուծվել առանց տնտեսապես և քաղաքականապես ուժեղ, զարգացած, մրցունակ Հայաստանի գոյության, առանց Հայրենիք-Սփյուռք կապերի հիմնովին վերափոխման ու առկա ներուժի լիարժեք օգտագործման, առանց մեր միջազգային գործընկերների հետ լիարժեք համագործակցության»,- նշել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ մեր պատմության մեջ, Հայկական աշխարհի համար Արցախն ու արցախցին միշտ էլ առանձնահատուկ դերակատարություն են ունեցել: Այդպես է նաև այսօր, երբ մեր ժողովրդի համար սկսվել է նոր մարտահրավերներով լի ժամանակահատված:
«Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք»,-շեշտել է նա: