Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանին լարվածության ավելացումն արդարացում չի ունենա, ցանկացած կողմի ագրեսիան կխաթարի խաղաղության հեռանկարը․ Բլինքեն

Սահմանին լարվածության ավելացումն արդարացում չի ունենա, ցանկացած կողմի ագրեսիան կխաթարի խաղաղության հեռանկարը․ Բլինքեն
Պաշտոնական
00:15, 04 апрель 2024
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հաղորդագրություն է տարածել և մանրամասնել, թե ինչ են խոսել պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

Ըստ հաղորդագրության, Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների կարևորությունը և ընդգծել գործընկերային նախաձեռնությունների աճը, ներառյալ՝ էներգետիկայի և կլիմայի առաջնահերթությունները:

«Պետքարտուղար Բլինքենը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությունը, որը տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանին լարվածության ավելացման որևէ արդարացում չի կարող լինել և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։

Պետքարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իր միջազգային պարտավորությունները և հանձնառությունները կատարելու անհրաժեշտությունը և կոչ արել ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց էին ունեցել, որի ժամանակ Բլինքենը շեշտել էր, որ ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։