Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Վարչապետը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը քննարկել են համագործակցության  զարգացման հարցեր
Պաշտոնական
19:18, 06 сентябрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության
նախագահ Նիկոլայ Պոդգուզովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է ԵԱԶԲ-ՀՀ գործընկերության զարգացումը՝ նշելով, որ արտահերթ խորհրդարանական
ընտրություններից հետո ՀՀ կառավարությունը հավակնոտ ծրագրեր է նախանշել և դրանց իրականացման գործում
կարևորում է միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԱԶԲ հետ գործակցությունը: Նիկոլ Փաշինյանը հեռանկարային
է համարել ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում, ինչպես նաև փոխշահավետ այլ
ուղղություններով համագործակցությունը: Վարչապետը նաև բարձր է գնահատել կորոնավիրուսի համավարակի
հետևանքների հաղթահարման գործում Հայաստանին ԵԱԶԲ կողմից ցուցաբերված աջակցությունը և ընդգծել Բանկի
դերը ԵԱՏՄ ինտեգրացիոն զարգացման գործում:

Նիկոլայ Պոդգուզովն իր հերթին նշել է, որ ԵԱԶԲ-ն կարևորում է ՀՀ հետ գործընկերությունը և մտադիր է էլ
ավելի ընդլայնել գործունեությունը մեր երկրում: ԵԱԶԲ վարչության նախագահը հետաքրքրական է համարել
ենթակառուցվածքների բարելավման, թվայնացման, ֆինանսական ոլորտներում համատեղ ծրագրերը, նաև ԵԱՏՄ
շրջանակում խոշոր ինտեգրացիոն նախագծերը: Նա շնորհակալություն է հայտնել նաև «Ճամփորդում եմ առանց
COVID-19» ծրագրին Հայաստանի միանալու համար, որը հայ-ռուսական պլատֆորմային գործակցության հաջող
օրինակ է, (այժմ ծրագրին միացել է 10 երկիր) և ընդգծել, որ ՀՀ թվային պլատֆորմը կարող է հիմք ծառայել ԵԱՏՄ-
ում թվային տեխնոլոգիաների զարգացման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք նշված ոլորտներում գործակցության զարգացման կոնկրետ
անելիքների շուրջ, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել ակտիվ երկխոսությունն այդ ուղղությամբ: