Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանը Բելգիայի պաշտոնական հանդիպումներում հատուկ շեշտել է հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ բանաձեւի ընդունման կարեւորությունը

Ալեն Սիմոնյանը Բելգիայի պաշտոնական հանդիպումներում  հատուկ շեշտել է հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ բանաձեւի ընդունման կարեւորությունը
Պաշտոնական
16:50, 08 сентябрь 2021
Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի երկրորդ օրը` սեպտեմբերի 8-ին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Տիլյիոյին եւ Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզին:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա համագործակցային հարաբերությունների դինամիկ եւ շարունակական զարգացման շուրջ: Ալեն Սիմոնյանը հատկանշական համարեց 2020 թ. դեկտեմբերի 18-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի եւ դեկտեմբերի 11-ին Բելգիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված Բելգիայի եւ միջազգային հաստատությունների նախաձեռնություններին սատարելու վերաբերյալ» բանաձեւի ընդունումը:

Այս համատեքստում ԱԺ նախագահը հատուկ շեշտեց նաեւ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի 2021 թ. մայիսի 27-ին «Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ` ի կատարումն 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության» բանաձեւի ընդունման կարեւորությունը:

Բելգիացի գործընկերները հատուկ շեշտեցին` Բելգիան շահագրգռված է, որ Հարավային Կովկասում հաստատվի տեւական խաղաղություն եւ պատրաստակամություն հայտնեցին աջակցելու Հայաստանին այն ապահովելու հարցում: Նրանք բարձր գնահատեցին հայ համայնքի դերը Բելգիայի հասարակության մեջ: Կողմերը փաստեցին, որ առկա բարեկամական հենքի վրա մտադիր են զարգացնել եւ խորացնել հայ-բելգիական միջխորհրդարանական եւ միջպետական հարաբերությունները` ի շահ երկու երկրների եւ ժողովուրդների: