Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ
Պաշտոնական
16:52, 08 сентябрь 2021
Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին հանդիպեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենի հետ: 

Հանդիպմանը երկուստեք կարեւորվեց քաղաքական երկխոսության շարունակականությունը, որի խթանման գործոններից է նաեւ խորհրդարանական դիվանագիտությունը: 

Ալեն Սիմոնյանը նշեց, որ բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հավասարակշված եւ անաչառ դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում՝ երախտագիտություն հայտնելով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից 2020 թ․ հոկտեմբերի 16-ին եւ 2020 թ․ դեկտեմբերի 24-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի կարեւորությունն ընդգծող բանաձեւերի ընդունման կապակցությամբ։ 

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահն իր աջակցությունը հայտնեց Հայաստանում ժողովրդավարական արժեքների զարգացմանն ուղղված գործընթացներին: 

Զրուցակցի խնդրանքով ԱԺ նախագահը տեղեկատվություն տրամադրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլից՝ պատմելով նաեւ Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների եւ նրանց վերադարձնելու կապակցությամբ տարվող աշխատանքների մասին: Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ հայկական կողմն ապավինում է իր բոլոր գործընկերների աջակցությանը ռազմագերիների շուտափույթ արձակումն ապահովելու համար:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գործընկերոջը հրավիրեց պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն՝ ՀՀ-ի եւ Լյուքսեմբուրգի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ: