Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին․ մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ

Վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին․ մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ
Պաշտոնական
16:55, 13 сентябрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Դինամիկ գնահատելով ՀՀ-ԵՄ գործակցությունը՝ վարչապետը կարևորել է այս տարի հուլիսին Եվրոպական խորհրդի նախագահի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի այցերը մեր երկիր և նշել, որ ներկայում Կառավարությունն աշխատում է այդ այցերի արդյունքներով Հայաստանին ԵՄ կողմից տրամադրված 2,6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթի առաջնահերթությունների վերջնականացման ուղղությամբ:

Տոյվո Կլաարը վերահաստատել է ԵՄ քաղաքական հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը մեր երկրին, Հայաստանի կողմից առաջնահերթ համարվող ուղղություններով: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի հարցեր:

Անդրադարձ է եղել ենթակառուցվածքների, առևտրատնտեսական, գործարար և այլ ոլորտներում կապերի զարգացման հեռանկարներին: ՀՀ վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ:

Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսման կարևորությունը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության այլ հարցերի ևս, մտքեր փոխանակել տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման շուրջ: