Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարին
Պաշտոնական
18:49, 13 сентябрь 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներին՝ Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնային, ով Հայաստան է ժամանել մասնակցելու հանձնաժողովի 8-րդ նիստին, և հայկական կողմից հանձնաժողովի համանախագահ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպումը երկու երկրների միջև սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացման և համագործակցության հեռանկարային ուղղությունների բացահայտման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի առևտրատնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, որի իրացման ուղղությամբ Կառավարությունը պատրաստ է աշխատել Ուկրաինայի գործընկերների հետ:

Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ներկայացուցչական մեծ պատվիրակության ուղեկցությամբ: Մարինա Լազեբնան փոխվարչապետին ներկայացրել է միջկառավարական նիստի օրակարգում ներառված հիմնական հարցերը՝ ընդգծելով, որ նիստի արդյունքում արված աշխատանքի շնորհիվ կբարելավվի երկկողմ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը նաև կարևորել է բիզնես շրջանակների միջև շփումների ակտիվացումը և ուկրաինական բիզնեսին հայկական շուկայի առավելությունների ներկայացումը:

Անդրադարձ է կատարվել սոցիալական պաշտպանության ոլորտում երկու երկրներում իրականացվող քաղաքականության առանձնահատկություններին և կարևորվել նաև այս ոլորտում փորձի փոխանակումը:

Հանդիպման ավարտին փոխվարչապետն արդյունավետ աշխատանքային քննարկումներ է մաղթել միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում: