Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Սլովակիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Սլովակիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը
Պաշտոնական
14:40, 14 сентябрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի արտաքին
գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Կորչոկի այցը Հայաստան և կարևորել Սլովակիայի հետ հարաբերությունների
շարունակական զարգացումը։ Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ Սլովակիայի կողմից
Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ հետաքրքրություն է
ցուցաբերվում։

Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության դեմ նախորդ տարի
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, վերջինիս կողմից հայ
ռազմագերիների վերադարձի պայմանավորվածությունը չկատարելուն, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք
ադրբեջանական զինուժի ներխուժումներին: Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող
քայլերը, միջազգային հանրությունից Հայաստանի ակնկալիքներն ու ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը և շեշտել Հայաստանում ժողովրդավարության
զարգացման ու ամրապնդման բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակության կարևորությունը:

Սլովակիայի ԱԳ նախարարը նշել է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացման հարցում իր
երկրի կառավարության շահագրգռվածությունը, մասնավորապես, Իվան Կորչոկը կարևորել է տնտեսության, այդ
թվում՝ բիզնես կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում
համագործակցության մեծ պոտենցիալի իրացման կարևորությունը, նաև փոխանցել Սլովակիայի ղեկավարության
բարեկամական ուղերձները հայ ժողովրդին ու Հայաստանի վարչապետին։ Պարոն Կորչոկը հայտնել է՝ տպավորված է
Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով ու շեշտել՝ չնայած համավարակի ու
պատերազմի հետևանքներին, Հայաստանը բռնել է զարգացման ուղի։

Պարոն Կորչոկն ընդգծել է, որ Սլովակիան գնահատում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության
հաստատմանը միտված Հայաստանի ջանքերը և կարևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ
կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Սլովակիայի ԱԳ նախարարն անհրաժեշտ է
համարել տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը և իր երկրի
աջակցությունը հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման,
տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: