Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ հավաքական ուժերի ներուժն անհրաժեշտ է արդիականացնել, համալրել անօդաչու կազմավորումներով. վարչապետը` ՀԱՊԿ խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին,
որին մասնակցել են նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ
Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ՀԱՊԿ գլխավոր
քարտուղար Ստանիսլավ Զասը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նիստին մասնակցել է հեռավար կարգով:
Օրակարգում ընդգրկված հարցերը ՀԱՊԿ առաջնորդները քննարկել են նեղ կազմով նիստում, այնուհետև ընդլայնված
կազմով նիստում ներկայացրել են ՀԱՊԿ առաջնահերթություններն ու ստորագրել ընդունված փաստաթղթերը: ՀԱՊԿ
առաջնորդները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանը, ՀԱՊԿ հետագա
զարգացմանը, Աֆղանստանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:

Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի նախագահ Էմոմալի
Ռահմոնին` ավանդական ջերմ ընդունելության և Տաջիկստանի կողմից ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում
կատարված աշխատանքի համար:

«Հարգելի գործընկերներ,

ՀԱՊԿ-ում նախագահությունը փոխանցվում է Հայաստանին, ինչի կապակցությամբ հայկական կողմը կցանկանար
գործընկերներին առաջարկել կենտրոնանալ կազմակերպության դինամիկ զարգացմանն ու մեխանիզմների
արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ հետևողական աշխատանքի վրա:

Մեր կարծիքով, անհրաժեշտ է շարունակել աշխատանքն արտաքին քաղաքական համակարգման և փոխօգնության
խորացման ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների շահերը շոշափող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ
համակարգված մոտեցումների մշակման համար: Այդ նպատակով մենք մեծ նշանակություն ենք տալիս
բազմամակարդակ խորհրդակցությունների պարբերաբար անցկացմանը, այդ թվում` «բարձր մակարդակի խմբի»
ձևաչափով, որի անդամ են արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների
տեղակալները: Մեր կարծիքով, համատեղ հայտարարություններ ընդունելու պրակտիկան իրեն արդարացրել է, և այն
պետք է շարունակվի:

Հավաքական անվտանգության տարբեր շրջաններում իրավիճակի զարգացման տրամաբանությունը հստակ ցույց է տվել
ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդիականացման անհրաժեշտությունը: Ակնհայտ է ճգնաժամային
իրավիճակների մշտադիտարկման, կանխատեսման և կանխարգելման մեխանիզմների անհրաժեշտությունը:

Գործնականում այս ամենը կձևավորվի, այդ թվում՝ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի լիարժեք գործունեության
ապահովման միջոցով:

Հայաստանը մտադիր է սերտորեն համագործակցել ՀԱՊԿ անդամ պետությունների հետ` ՀԱՊԿ ուժերի
մարտունակության, մարտական պատրաստության, ներդաշնակության և շարժունակության մակարդակը բարձրացնելու
նպատակով: Կասկած չկա, որ ՀԱՊԿ հավաքական ուժերի ներուժն անհրաժեշտ է արդիականացնել և զարգացնել,
համալրել ժամանակակից և նոր, այդ թվում՝ անօդաչու կազմավորումներով, վերազինել ժամանակակից միջոցներով և
կատարելագործել դրանց ղեկավարումը:

Մեր կազմակերպության համար մեծ նշանակություն կունենա ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի
արդյունավետության բարձրացման, տեղեկատվական անվտանգության ապահովման, թմրամիջոցների դեմ պայքարի և
անօրինական միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների ու մեխանիզմների հետագա
կատարելագործումը:

Մենք նաև առաջարկում ենք քայլեր ձեռնարկել միջազգային ասպարեզում ՀԱՊԿ հեղինակության ամրապնդման
ուղղությամբ, այդ թվում՝ շահագրգիռ այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնման
միջոցով: Այս առումով կարևոր է առավելագույնս օգտագործել և զարգացնել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ
կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքային փորձը:

Մեր կարծիքով, նման հարցեր լուծելիս մենք կարող ենք հույս դնել նաև մեր խորհրդարանականների աջակցության
վրա:

Հայաստանի նախագահության ընթացքում մենք մտադիր ենք վերսկսել Երևանում անվտանգության հարցերով
համաժողովներ անցկացնելու պրակտիկան, այդ թվում` հաշվի առնելով ՀԱՊԿ, ԵԱՀԿ և ՄԱԿ աշխատանքային
մարմինների հետ արդեն ձևավորված երկխոսությունը: Մենք արդեն լսել ենք մեր ղազախ ընկերներից համահունչ
դիրքորոշում և պատրաստ ենք սերտ համատեղ աշխատանքի:

Առաջարկում ենք շարունակել իրավանորմատիվային և կազմակերպչական փաստաթղթերի մշակումը, ինչը թույլ կտա
ունենալ այսօրվա իրողություններին համապատասխան իրավապայմանագրային բազա:

Ակնկալում եմ ստանալ ձեր աջակցությունը երիտասարդ սերնդի հետ աշխատանքի հաստատման գործում`
Հայաստանում ՀԱՊԿ անդամ երկրների ուսանողների համար անվտանգության հարցերով ամառային դպրոցներ
անցկացնելու միջոցով:

Հարգելի գործընկերներ,

Մեր առաջնահերթություններն ավելի մանրամասն՝ կոնկրետ քայլերի և միջոցառումների ցանկով, կարտացոլվեն
նախագահության առաջնահերթությունների և Հավաքական անվտանգության խորհրդի նիստերի որոշումների՝
ավանդաբար հաստատվող ծրագրում։

Հաջորդ տարի մենք միասին կնշենք Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը և Հավաքական
անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակը: Համաձայնեցվել է մանրամասն պլան, որը
նախատեսում է համապատասխան միջոցառումների իրականացում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներում:

Սպասում ենք Կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին Երևանում:

Եվ վերջում ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհավորել մեր տաջիկ բարեկամներին ՀԱՊԿ նախագահության հաջող
ավարտի կապակցությամբ:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Այսօրվա նիստի արդյունքներում ՀԱՊԿ-ում նախագահությունը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը:

Որոշում է կայացվել ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Երևանում` 2022 թվականի չորրորդ
եռամսյակում: Որոշում է կայացվել նաև առաջիկայում Տաջիկստանում անցկացնել ՀԱՊԿ լայնամասշտաբ
զորավարժություններ, որոնցում ներգրվված կլինեն ՀԱՊԿ անդամ-պետությունների Զինված ուժերի տարբեր
ստորաբաժանումներ: