Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին
Պաշտոնական
18:07, 16 сентябрь 2021
Ալեն Սիմոնյանը, ողջունելով դեսպանին, նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Միացյալ Նահանգների հետ Հայաստանը զարգացրել է գործընկերային եւ բարեկամական հարաբերություններ, որոնք ընդգրկում են համագործակցության լայն շրջանակ:

Նա բարձր գնահատեց ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական զարգացման, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում ԱՄՆ-ի կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցությունը: Ալեն Սիմոնյանը նշեց, որ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում կարեւոր տեղ է զբաղեցնում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը: Նա դեսպանին տեղեկացրեց, որ Ազգային ժողովում շուտով կվերաձեւավորվի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը, որը կարեւոր օղակ է երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության, ինչպես նաեւ միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Անդրադառնալով հետպատերազմյան իրադրությանը` #ԱԺ նախագահը նշեց, որ այս պահին առաջնային է մնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից ապակառուցողական հռետորաբանությունը չի կարող հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո եւ այդ միջնորդական առաքելության կողմից մշակված սկզբունքների իրագործման հիման վրա:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նշեց, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ: Զրույցի ընթացքում կարեւորվեցին օրենդիր մարմնի հետ փոխգործակցությունը, ժողովրդավարական գործընթացների զարգացումն ու ամրապնդումը: Դեսպանը շեշտեց նաեւ ԱՄՆ վարչակազմի հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում գործունեության իրականացմանը:

Քննարկվեցին նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում իրականացվելիք բարեփոխումներին առնչվող հարցեր: