Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները․ Տեսանյութ

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։

Կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններին, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին։ Նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձումը։

Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։