Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքում է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքում է
Պաշտոնական
17:33, 02 март 2021
Ի պատասխան «Հրապարակ» օրաթերթի կայքում մարտի 2-ի՝ «Սուրեն Պապիկյանի նախարարությունը հասկացնում է՝ Գորիս-Կապան ճանապարհը շուտով մերը չի լինելու» վերտառությամբ հրապարակման՝ հայտնում ենք, որ հեղինակը խեղաթյուրում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ «Հրապարակ» օրաթերթի հարցմանը տված պատասխանը՝ նախարարությանը վերագրելով իր սուբյեկտիվ եզրահանգումները։ 

«Հրապարակ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում տեղեկություններ է տրամադրել ՀՀ Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհներ կառուցելու վերաբերյալ հարցի առնչությամբ։ Հարկ ենք համարում մեջբերել․

«ՀՀ Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհներ կառուցելու վերաբերյալ կատարվում են հստակեցումներ և ուսումնասիրություններ, մասնավորապես` ուսումնասիրվում են այլընտրանքային ճանապարհների ծրագծի հնարավոր տարբերակները։  Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածի երթևեկությունը հնարավոր է կազմակերպել Հ-46, /Մ-2/-Տաթև-Աղվանի- /Մ-2/ (Սյունիք) հանրապետական նշանակության այլընտրանքային ավտոճանապարհով։ Նշված ճանապարհի անավարտ հատվածների հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2021 թ․»։ 

Այս պատասխանը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես «Հրապարակի» հարցման տեքստում առկա այլ հարցերի առնչությամբ նախարարության դիրքորոշում։ 

Չնայած նրան, որ Գորիս–Կապան ճանապարհի 21 կմ հատվածում անցանելիության խնդիր չկա, այլընտրանքային ճանապարհների կառուցումը անհրաժեշտ է՝ պայմանավորված Հայաստանի  համար դրանց ռազմավարական նշանակությամբ։ 

Ընդգծենք նաև, որ հոդվածի հեղինակը, ինչպես ինքն է նշում, «նմանատիպ հարցում է ուղարկել ՀՀ արտգործնախարարությանը» և իրեն հետաքրքրող հարցերի առնչությամբ ստացել ու հոդվածում ներկայացրել է ՀՀ ԱԳՆ համապատասխան արձագանքը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ հայտնում ենք, որ «Հրապարակ» օրաթերթի՝ «Սուրեն Պապիկյանի նախարարությունը հասկացնում է՝ Գորիս-Կապան ճանապարհը շուտով մերը չի լինելու» վերտառությամբ հրապարակման վերնագիրը, ինչպես նաև հրապարակման տեքստում առկա «․․․․ հիմնավորելով մեր կասկածների ճշմարտացիությունը» ձևակերպումը որևէ կերպ չեն արտացոլում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ օրաթերթի հարցմանն ի պատասխան ներկայացված տեղեկատվության բովանդակությունը և ամբողջովին հանդիսանում են վերոնշյալ հրապարակման հեղինակի՝ իր ուղարկած հարցմանը նախարարության տված պատասխանի սուբյեկտիվ ընկալման արգասիք։ 

Հորդորում ենք «Հրապարակ» օրաթերթին հրապարակել սույն հերքումը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին համապատասխան և այսուհետև զերծ մնալ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իրավասությունների շրջանակից դուրս պնդումներ նախարարությանը վերագրելուց։