Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արման Եղոյանն ու Արսեն Թորոսյանը Հունաստանի խորհրդարանի պատգամավորների հետ խոսել են տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին

Արման Եղոյանն ու Արսեն Թորոսյանը Հունաստանի խորհրդարանի պատգամավորների հետ խոսել են տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին
Պաշտոնական
17:59, 24 сентябрь 2021
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և հանձնաժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 23-ին հանդիպում են ունեցել Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մակրոպուլոսի և Եվրոպական հարաբերությունների հատուկ մշտական հանձնաժողովի պատգամավորների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գրասենյակից՝ մանրամասնելով, որ հանդիպման ընթացքում պատգամավորները խոսել են հայ և հույն ժողովուրդների պատմական ճակատագրերի նմանության մասին, անդրադարձել երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամական հարաբերություններին, որոնք էլ կանխորոշել են ներկա ռազմավարական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և մի շարք այլ ոլորտներում սերտ համագործակցությունը:

Խորհրդարանականները խոսել են նաև տարածաշրջանում առկա մարտահրավերների, տարածաշրջանային կայունության ապահովման շուրջ անելիքների, և այս համատեքստում` համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:

Նշվում է, որ կողմերը նաև կարևորել են միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցության շարունակականությունն ու խորհրդարանական կապերի հետագա զարգացումը:

Պատգամավորներն Աթենքում են գտնվում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են Հունաստանի և Իտալիայի խորհրդարանները: