Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ընդլայնվելու է սոցփաթեթի ծառայությունների շրջանակը

ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ ընդլայնվելու է սոցփաթեթի ծառայությունների շրջանակը
Պաշտոնական
15:53, 01 октябрь 2021
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ հոկտեմբերի 1-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Կառավարության  ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փորձ է արվում ընդլայնել  պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակը:
 
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանի հավաստմամբ՝ նախատեսվում է սոցփաթեթի ծառայություններում ներառել այնպիսի ուղղություն, որով հնարավոր կլինի սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաեւ մարզաառողջարարական եւ սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի, ինչպես նաեւ պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը:  Նշվել է, որ նախագծի ընդունումով  լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է, ուստի ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի եւ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Հարակից զեկուցող Հերիքնազ Տիգրանյանը շեշտադրել է օրինագծի կարեւորությունը:

Քննարկման եւ քվեարկության արդյունքում օրինագիծը ստացել է դրական եզրակացություն՝ ԱԺ երկրորդ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար: