Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր դաստիարակած սերունդն էր, որ 44 օր շարունակ անձնազոհաբար պաշտպանեց հողը․ Դումանյանի շնորհավորական ուղերձը

Ձեր դաստիարակած սերունդն էր, որ 44 օր շարունակ անձնազոհաբար պաշտպանեց հողը․ Դումանյանի շնորհավորական ուղերձը
Պաշտոնական
13:20, 05 октябрь 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի տոնի կապակցությամբ

Սիրելի՛ ուսուցիչներ,

Ջերմորեն և երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ: Այս տոնը կոչված է առանձնակի կարևորելու և ընդգծելու ձեր վճռորոշ դերն ու պատասխանատվությունը թե՛ յուրաքանչյուր աշակերտի՝ որպես բազմակողմանի զարգացած, հայրենանվեր անհատ, թե՛ բարձրարժեք հատկանիշներով օժտված հասարակություն ձևավորելու գործում:

Ուսուցչի օրը չի սահմանափակվում այս տոնով. այն սկսվում է յուրաքանչյուր առավոտ՝ դասասենյակից և աշակերտական նստարանից: Ձեր գործը վարձահատույց է լինում ապագայով, կայուն ու անվտանգ պետության տեսլականի իրագործմամբ, հայրենիքի բարօրությամբ:

Շնորհակալ ու երախտապարտ եմ ձեզ ձեր բարդ ու միաժամանակ պատվաբեր աշխատանքի համար: Ձեզնով է պետության հիմքն ամուր, ձեզնով է վաղվա օրը որոշիչ: Ձեր դաստիարակած սերունդն էր, որ 44 օր շարունակ չերկնչեց ու անձնազոհաբար պաշտպանեց հող հայրենին՝ վառ պահելով հայրենասիրական ոգին:

Սիրելի՛ մանկավարժներ, ուզում եմ՝ վստահ լինեք, որ պետությունը ձեր կողքին է, ձեր աջակիցն է, և ընթացիկ բարեփոխումները միտված են բարելավելու ձեր աշխատանքային գործունեությունն ու միջավայրը՝ ձեզ արժանի գնահատանքով:

Յուրաքանչյուրիդ մաղթում եմ բարօրություն, քաջառողջություն, աշխատանքում՝ ինքնաբավություն, կրկնակի ուժ ու եռանդ: Մեր անելիքը շատ է, կամքը՝ ամրակուռ:

Աստված պահապան բոլորիս…