Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահրամ Դումանյանն ընդունել է ֆրանսիացի բժիշկների պատվիրակությանը

Վահրամ Դումանյանն ընդունել է ֆրանսիացի բժիշկների պատվիրակությանը
Պաշտոնական
13:44, 15 октябрь 2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Փարիզի հանրային աջակցության հիվանդանոցների պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում են Փարիզի համալսարանական հիվանդանոցների գլխավոր տնօրեն Մարտին Հիրսչը, հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի համակարգող Լևոն Խաչատրյանը, Փարիզի հանրային աջակցության հիվանդանոցների կենտրոնի արտաքին կապերի ղեկավար Ֆլորանս Վեբերը, Փարիզի հանրային աջակցության հիվանդանոցների կենտրոնի նախկին նախագահ Դիդիե Ուսսընը:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն:

Ողջունելով հյուրերին` ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Փարիզում և Երևանում ֆրանսիացի բժիշկների հետ ունեցած աշխատանքային հանդիպումներով ամրապնդվել են գործնական կապերն ու համագործակցության հնարավորությունները, որոնք նաև ջերմ մարդկային հարաբերություններ են ձևավորել:

Նախարարը վստահություն է հայտնել, որ բժշկության ասպարեզում համալսարանական նոր կապերի ստեղծումն ու հատկապես մասնագետների և ուսանողների փոխանակման կրթական ծրագրերի իրականացումը կնպաստեն Հայաստանում ֆրանսերենի զարգացմանը:

Ֆրանսիացի հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար` փաստելով, որ իրենց համար հավասարապես կարևոր է համագործակցությունն ինչպես բժշկության, այնպես էլ կրթության և մշակույթի ուղղությամբ:

Նշենք, որ ֆրանսիացի բժիշկները Երևանում մասնակցել են Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացած առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովին:

Այն կազմակերպվել է Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգերի՝ Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի (Assistance publique - Hôpitaux de Paris (AP -HP), Լիոնի համալսարանական հիվանդանոցների և Լիոնի հոսպիտալի Վինատիե կենտրոնի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության բարձր հովանու ներքո: