Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է եկամուտների կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է եկամուտների կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը
Պաշտոնական
13:56, 20 октябрь 2021
««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Մալթայի Հանրապետության Կառավարության միջեւ` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 20-ի նիստում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ փաստաթուղթը ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Նյու Յորքում: Այն մշակվել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության անդամ երկրների համար կիրառվող մոդելային տարբերակի սկզբունքների համաձայն:

Համաձայնագրի նպատակն է բացառել եկամուտների կրկնակի հարկումն ու դրանով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը երկու երկրների ներդրողների եւ տնտեսական գործունեության վրա: Ըստ փոխնախարարի՝ դա հնարավորություն կտա խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը՝ ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար:

Փաստաթղթով առաջարկվում է գործընկեր երկրի անհատների եւ տնտեսավարող սուբյեկտների համար նախատեսել ազգային օրենսդրությամբ սահմանված հարկման պայմաններից ավելի նպաստավոր պայմաններ եւ ավելի նվազ դրույքաչափեր: