Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե վճարվել է 871 մլրդ 241 մլն դրամ հարկ. ովքեր են 10 ամենախոշոր հարկատուները

2021թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե վճարվել է 871 մլրդ 241 մլն դրամ հարկ. ովքեր են 10 ամենախոշոր հարկատուները
Պաշտոնական
18:27, 20 октябрь 2021
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների կողմից 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում վճարված հարկերի արդյունքները:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 733 մլրդ 143 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 138 մլրդ 98 մլն դրամ։


2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»՝ 38 մլրդ 266 մլն 412 հազար դրամ հարկով։ Նախորդ տարի ընկերությունը երկրորդն էր՝ վճարած 34 մլրդ 879 մլն 946 հազար դրամ հարկով: Ստացվում է՝ ընկերության հարկերն այս տարի շուրջ 4 մլրդ դրամով ավելացել են:

Երկրորդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է»՝ 38 մլրդ 249 մլն 247 հազար դրամ վճարած հարկով: 2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ կոմբինատը երրորդն էր: Ընկերությունն այդ ընթացքում վճարել էր 33 մլրդ 162 մլն 168 հազար դրամ հարկ՝ շուրջ 5 մլրդով պակաս, քան այս տարի:

Իսկ ահա 3-րդը պաշտպանության նախարարությունն է՝ 31 մլրդ 94 մլն 185 հազար դրամ վճարած հարկով: Անցած տարի նույն ժամանակահատվածում նախարարությունը 4-րդն էր՝  24 մլրդ 610 մլն 116 հազար դրամ հարկով: ՊՆ-ի հարկերն այս տարի շուրջ 7 մլրդով ավելացել են:


4-րդ խոշոր հարկատուն «Գրանդ Տոբակոն» է: Ընկերությունը 2021-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 24 մլրդ 774 մլն 246 հազար դրամ, որը 2020-ին 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջինն էր՝ 36 մլրդ 857 մլն 950 հազար դրամ հարկով:

«Գրանդ Տոբակո»-ին հաջորդում է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը՝ 16 մլրդ 415 մլն 197 հազար դրամ հարկով: Ընկերությունը անցած տարի նույն ժամանակահատվածում 5-րդն էր՝ 21 մլրդ 536 մլն 866 հազար դրամ վճարած հարկով։ Ստացվում Է՝ այս տարի ընկերության վճարած հարկերը պակասել են:

6-րդը «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ 15 մլրդ 532 մլն 586 հազար դրամ վճարած հարկով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը 7-րդն էր և վճարել էր 12 մլրդ 996 մլն 930 հազար դրամ հարկ:

Հաջորդը «ՄՏՍ-Հայաստան» ընկերությունն է՝ 13 միլիարդ 39 մլն 84 հազար դրամ հարկով: Նախորդ տարի այս ընկերությունը վճարել էր 10 մլրդ 55 մլն 643 հազար դրամ հարկ, այսինքն՝ «ՄՏՍ-Հայաստանի» վճարած հարկերը ավելացել են շուրջ 3 մլրդ դրամով:

8-րդը «Թեղուտ» ՓԲԸ-ն է՝ 12 մլրդ 341 մլն 373 հազար դրամ հարկով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը խոշոր հարկատուների տասնյակում չկար, այն 18-րդն էր՝ 5 մլրդ 271 մլն 695 հազար դրամ վճարած հարկով:

9-րդը «Սիփիէս Օիլ» ընկերությունն է՝ 11 մլրդ 936 մլն 923 հազար դրամ հարկով: Ընկերությունը 2020-ի հունվար-սեպտեմբերին վճարել էր 14 մլրդ 400 մլն 860 հազար դրամ հարկ և գտնվում էր 6-րդ հորիզոնականում:

Եվ 10-րդը ցուցակում «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 10 մլրդ 756 մլն 122 հազար հարկով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 8-րդն էր և վճարել էր 11 մլրդ 902 մլն 664 հազար դրամ գումար: 

1000 խոշոր հարկատուների ամբողջական ցակը՝ ստորև: