Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանը Նորվեգիայի դեսպանի հետ զրուցել է ռազմագերիների խնդրից

Ալեն Սիմոնյանը Նորվեգիայի դեսպանի հետ զրուցել է ռազմագերիների խնդրից
Պաշտոնական
14:46, 01 ноябрь 2021
Նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին՝ տեղեկացնում են Ազգային ժողովից։

Կողմերը քննարկել են հայ-նորվեգական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղղված ծրագրերի իրականացումը: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է նաեւ միջազգային տարբեր հարթակներում երկու երկրների խորհրդարանների համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործընթացում:

Ալեն Սիմոնյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձման առաջնահերթությունը: Զրույցի առանցքում են եղել նաեւ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին վերաբերող թեմաներ: