Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին
Պաշտոնական
18:50, 03 ноябрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած
պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությանը և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում
ու բարձր է գնահատում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները: Նիկոլ
Փաշինյանի խոսքով՝ 2019 թվականից սկսվել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որը միտված է
հարաբերությունների հետագա զարգացմանն ու առաջմղմանը: «Ցանկանում եմ ընդգծել ԱՄՆ կառավարության դերը
Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում: Վերջերս այս առումով
արձանագրել ենք կոնկրետ արդյունք՝ ի դեմս Պարեկային ոստիկանության ստեղծման»,- ասել է կառավարության
ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել նաև ԱՄՆ դերը ընթացիկ տարվա հունիսին Ադրբեջանից 15 հայ
գերիների վերադարձի գործում: Վարչապետը գոհունակությամբ է արձանագրել, որ ԱՄՆ-ը շարունակում է ջանքերի
գործադրումն այդ ուղղությամբ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին,
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին,
Ադրբեջանում պահվող հայ գերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի ապահովմանը, Հայաստանում
ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը, վերջերս Նյու-
Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման կազմակերպումը և
համանախագահների սպասվող այցը տարածաշրջան: Նիկոլ Փաշինյանը շեշտել է Ադրբեջանում պահվող գերիների
վերադարձի անհրաժեշտությունը և նկատել, որ Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի
հայտարարության համապատասխան կետը: ՀՀ կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև տարածաշրջանային
կոմունիկացիների բացման ու Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման
հնարավորություններին՝ ներկայացնելով մեր երկրի հստակ դիրքորոշումները: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև
ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված կառավարության հետագա ծրագրերի ու քայլերի
վերաբերյալ՝ շեշտելով, որ մեր երկիրը շարունակելու է հետևողականորեն ու հաստատակամ շարժվել
ժողովրդավարության զարգացման և ամրապնդման ուղղությամբ:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը նշել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ նպաստելու
տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության
շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանը: Միաժամանակ, նա ընդգծել է
ժողովրդավարական բարեփոխումների գործում ՀՀ կառավարությանը շարունակական օժանդակություն ցուցաբերելու
ամերիկյան կողմի շահագրգռվածությունը: