Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախարարը հուշադրամներով և շնորհակալագրերով է պարգևատրել ճգնաժամային պայմաններում առանձնահատուկ ներդրում ունեցած սոցիալական աշխատողներին

Նախարարը հուշադրամներով և շնորհակալագրերով է պարգևատրել ճգնաժամային պայմաններում առանձնահատուկ ներդրում ունեցած սոցիալական աշխատողներին
Պաշտոնական
11:38, 05 ноябрь 2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Սոցիալական աշխատողի օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցել են  նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, սոցիալական աշխատողներ, սոցիալական պաշտպանության բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։

Շնորհավորելով սոցիալական աշխատողներին մասնագիտական տոնի առթիվ՝ նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում կարևորել է նրանց դերը սոցիալական հիմնախնդիրների կանխարգելման և հաղթահարման գործում:

«Սոցիալական աշխատանք մասնագիտության հիմնական արժեքները՝ մարդասիրություն, կարեկցանք, ապրումակցում, աջակցություն ու հանրային փոխօգնություն, մշտապես եղել են մեր ժողովրդին հարազատ, պատմական անցուդարձերը միասնական հաղթահարելու պայման։ Այսօր մեր երկրում շարունակվում է սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացումը․ այն դրվում է մասնագիտական հենքի վրա, ինչը ավելի հիմնավոր է դարձնում սոցիալական աշխատանքի դերը մեր երկրի սոցիալական պաշտպանության համակարգում»,- նշել է նախարարը։

Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև սոցիալական աշխատողների նվիրական աշխատանքի կարևորությունը հատկապես կորոնավիրուսային համավարակի և պատերազմի օրերին։ Նախարարի խոսքով՝ ճգնաժամային պայմաններում ու հետճգնաժամային իրավիճակում վերջիններս ապացուցել են, որ պատվով են կրում իրենց կոչումը և մեծ նվիրումով իրականացնում իրենց վերապահված բարդ աշխատանքը:

Միջոցառման ընթացքում շնորհակալագրերով ու հուշադրամներով են պարգևատրվել սոցիալական պաշտպանության ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալած և ճգնաժամային պայմաններում առանձնահատուկ ներդրում ունեցած սոցիալական աշխատողները։    

 Նախապես մշակվել են թեկնածուների առաջադրման և ընտրության չափորոշիչներ, ապա պետական և հասարակական կազմակերպություններն առաջադրել են իրենց թեկնածուներին, իսկ միջոլորտային հանձնաժողովը առաջադրված թեկնածուներից ներկայացրել է պետական, հասարակական և համայնքային ոլորտների այն թեկնածուներին, ովքեր և պարգևատրվել են։