Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի մոտ քննարկվել են «Էնթերփրայզ Արմենիա»-ի գործունեությանն ու ներդրողներին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելուն առնչվող հարցեր

Վարչապետի մոտ քննարկվել են «Էնթերփրայզ Արմենիա»-ի գործունեությանն ու ներդրողներին անհրաժեշտ  օժանդակություն ցուցաբերելուն առնչվող հարցեր
Պաշտոնական
19:33, 13 ноябрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են
«Էնթերփրայզ Արմենիա»-ի՝ Ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր:

Վարչապետը նշել է, որ այսօրվա խորհրդակցության նպատակն է քննարկել Ներդրումների աջակցման կենտրոնի
կանոնադրությունը: «Մենք անընդհատ տարբեր խնդիրներ ենք ունենում՝ կապված ներդրողների կողմից բարձրացվող
հարցերի հետ, երբ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ ներդրումային ծրագրեր իրականացնելիս հանդիպում են
ամենատարբեր բարդությունների: Մենք մի քանի անգամ ամենատարբեր ֆորմատներն ենք փորձարկել, թե ինչպես իմի
բերենք, քննարկենք և լուծումներ տանք այդ խնդիրներին, որպեսզի ներդրողների համար ներդրումային գործընթացն
առավել սահուն ընթանա:

Այդ գործընթացի արդյունքում, ի վերջո, հանգել ենք եզրակացության՝ փորձարկելու հետևյալ լուծումը, որպեսզի
վարչապետը, փոխվարչապետերը և ճյուղային նախարարները ներգրավվեն Ներդրումների աջակցման կենտրոնի
հոգաբարձուների խորհրդում: Բոլոր այն ներդրումային ծրագրերը, որոնք ուղեկցման անհրաժեշտություն ունեն,
կքննարկվեն հոգաբարձուների խորհրդում, ըստ անհրաժեշտության կհրավիրվեն նաև գործառույթ ունեցող
գերատեսչությունների ներկայացուցիչները և սա կդարձնենք ներդրումային ծրագրերի քննարկման հարթակ: Այսօր մեր
նպատակն է, որպեսզի մենք այս տրամաբանությամբ նորից նայենք Ներդրումների աջակցման կենտրոնի
կանոնադրությունը և գնանք առաջ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև քննարկվել են «Էնթերփրայզ Արմենիա»-ի կանոնադրությանը, գործառույթներին և այն քայլերին
վերաբերող հարցեր, որոնք միտված են ներդրումների սահուն ընթացքի ապահովմանը, Հայաստանը ներդրումային
գրավիչ միջավայր դարձնելուն, ներդրումների խթանմանն ու ներգրավմանը:

«Էնթերփրայզ Արմենիա»-ի կողմից ներկայացվել է հաշվետվություն, որը վերաբերել է 2020 թվականի մայիսից ի վեր
ներդրողներին ցուցաբերված օժանդակությանը, ներդրողներին ուղեկցելուն, տարբեր խնդիրների լուծմանը հասնելու
գործում կատարված աշխատանքներին: Անդրադարձ է կատարվել այն ներդրումային նախագծերին, այդ թվում՝
ներկայացված օտարերկրյա ընկերությունների կողմից, որոնք ներկայումս գտնվում են «Էնթերփրայզ Արմենիա»-ի
հարթակում:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է առաջիկայում խորհրդի նոր կազմը հաստատելուց հետո
կազմակերպել խորհրդակցություն և ներկայացնել այն ներդրումային ծրագրերը, որոնք բախվել են տարբեր խնդիրների
և առաջ չեն շարժվում: Խորհուրդը մանրամասն կքննարկի խոչընդոտները և կփորձի գտնել համապատասխան
լուծումներ, այդ թվում՝ օրենսդրական: