Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետն ընդունել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է Լիտվայի Սեյմասի  փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Պաշտոնական
18:41, 19 ноябрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի  փոխնախագահ Անդրիուս
Մազուրոնիսի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Լիտվայի խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան և ուրախությամբ նշել, որ
երկու երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են դինամիկ կերպով: Այս առումով,
կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ փոխայցելությունների շարունակական բնույթը և նշել, որ
Հայաստանը շահագրգիռ է զարգացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ
ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հատկապես առևտրատնտեսական կապերի ամրապնդման և այդ
ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը կարևորել է Երևանի և
Վիլնյուսի միջև առաջիկայում նախատեսվող ավիաչվերթերի կազմակերպումը, ինչը նոր թափ կհաղորդի
զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնմանը:

Անդրիուս Մազուրոնիսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ Լիտվան
նույնպես առանձնակի կարևորում է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը: Լիտվայի
Սեյմասի փոխնախագահը նշել է, որ տպավորված է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներով
և ընդգծել, որ իր երկիրը պատրաստ է ունեցած փորձով նպաստել դրանց արդյունավետ իրականացմանը, այդ թվում՝
Եվրոպական միության կողմից նախատեսվող ծրագրերի միջոցով: Երկկողմ փոխգործակցությունն ամրապնդելու
առումով վերջինս կարևորել է նաև միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը և նշել, որ այս այցը
նույնպես լավագույնս կծառայի այդ նպատակին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ ԵԱՀԿ
Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող
գործընթացներին: