Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզպետարանում ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին

Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզպետարանում ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին
Պաշտոնական
18:10, 29 ноябрь 2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզում մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին, մարզպետարանի ենթակա կառույցների ղեկավարներին  է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին։ 

Նախարարը  նախ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանին 3 տարվա արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան արդեն փոխվարչապետի պաշտոնում։ Նախարարը նշել է, որ Մաթևոսյանը մարզում աշխատանքի շատ բարձր նշաձող է սահմանել և համոզմունք է հայտնել, որ այն կշարունակի նաև նորանշանակ մարզպետը։ 

Գնել Սանոսյանը  շնորհավորել է Հովհաննիսյանին կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ նա նոր մարդ չէ պետական կառավարման համակարգում, ունի աշխատանքային մեծ  փորձ և վստահություն է հայտնել, որ նրա հմտությունների և աշխատակազմի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մարզում նոր հաջողություններ կգրանցվեն։ 
 
Փոխվարչապետ, Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ներկաներին համատեղ  աշխատանքի համար՝ նշելով, որ մեծ պատիվ է եղել Արմավիրի մարզը ղեկավարելը և գրանցած արդյունքը թիմային աշխատանքի հետևանք է։ Մաթևոսյանը վստահություն է հայտնել, որ  նորանշանակ  մարզպետն ունի անհրաժեշտ աշխատանքային հմտություններն  ու հնարավորությունները՝  սկսված  աշխատանքը  շարունակելու և նոր, կարևոր  նախագծեր իրագործելու համար։ 

Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝  մարզպետի պաշտոնն իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ ներդնելու է ողջ ներուժը, օգտագոծելու է բոլոր հնարավորությունները՝  պետական կառավարման տարածքային քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու համար։