Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
Պաշտոնական
17:26, 10 декабрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ
նախարար Հակոբ Սիմիդյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանին՝ այդ պաշտոնում կատարած
աշխատանքի համար և շնորհավորել ու հաջողություն մաղթել Հակոբ Սիմիդյանին: «Պարոն Պետրոսյանը նոր պաշտոն
է ստանձնելու: Գիտեք՝ արդեն նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Պարոն Սիմիդյանն
առաջին անգամ է նշանակվում կառավարության անդամ, և ուզում եմ նրան հաջողություններ մաղթել այս կարևոր ու
պատասխանատու պաշտոնում: Շրջակա միջավայրի ոլորտն այսօր ոչ միայն Հայաստանի համար, այլև գլոբալ առումով
ունի ռազմավարական նշանակություն: Իհարկե, այստեղ Հայաստանի Հանրապետությունը պիտի հանդես գա որպես
միջազգային հանրության պատասխանատու անդամ, և մեր ազգային քաղաքականությունը նույնպես պիտի հիմնված
լինի այս տրամաբանությամբ և մեր ազգային պետական շահերի վրա», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար
և շնորհավորել Հակոբ Սիմիդյանին. «Շուրջ մեկուկես տարի համագործակցությամբ բավականին բարեփոխումներ ենք
նախաձեռնել այս թիմով, ինչը նաև զուգադիպեց մեր պետւթյան համար բավականին դժվար շրջափուլի հետ: Վստահ
եմ՝ այս թիմը պատվով դուրս եկավ այս շրջանից: Պարոն Սիմիդյանին շնորհավորում եմ նոր նշանակման
կապակցությամբ: Քաջածանոթ լինելով մեր քաղաքական գործընկերոջ անձնական և մասնագիտական որակներին՝
վստահ եմ, որ նույն թիմով և տարբեր փոխատեղումներով պարոն Սիմիդյանը նոր նշաձող կսահմանի Շրջակա
միջավայրի կառավարման կարևորագույն ոլորտում»:

Նորանշանակ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար: «Ցանկանում եմ
շնորհակալություն հայտնել նաև պարոն Պետրոսյանին նման բարդ ոլորտը բարդ շրջանում ղեկավարելու համար: Այն
ծրագրերը, որ այժմ իրականացվում են նախարարության կողմից՝ կլինեն շարունակական և կփորձենք ավելի
արդյունավետ դարձնել աշխատանքները: Հույս ունեմ, որ դրանցով մենք շրջակա միջավայրին և, ինչու չէ,
տնտեսությանը զարկ կտանք և կզարգացնենք»,- ասել է Հակոբ Սիմիդյանը: