Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախագահի և Իրանի Մեջլիսի պատվիրակության հանդիպմանը կարևորվել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը

ԱԺ նախագահի և Իրանի Մեջլիսի պատվիրակության հանդիպմանը կարևորվել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը
Պաշտոնական
18:37, 20 декабрь 2021
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ բարեկամության խմբի այցը հայ-իրանական սերտ հարաբերությունների համար գործուն նշանակություն է ունենալու՝ ի նպաստ միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման:

Կողմերն արձանագրել են երկու երկրների միջև քաղաքական ակտիվ երկխոսությունը, որն ամուր հիմք և երաշխիք է բազմաթիվ ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման համար: Կարևորվել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը՝ այն դիտարկելով որպես բարեկամ երկրների միասնական տեսակետների շրջանակի ընդլայնման առանցքային պլատֆորմ: Այս համատեքստում ընդգծվել է պատգամավորական բարեկամության խմբերի արդյունավետ գործունեությունը:

Հանդիպմանը զրույց է ծավալվել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության անհրաժեշտության շուրջ: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի ապակառուցողական վարքագծին՝ նշելով, որ այն բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլև՝ տարածաշրջանի մյուս երկրների վրա:

Հանդիպման ավարտին Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սեյեդ Մեհդի Ֆարշադանը ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆիի՝ Իրան պաշտոնական այցի հրավերը: